«Ադամանդե ձեռքը» ֆիլմի հակահերոսներից մեկի խոսքը («Спокойно, Козлодоев, сядем все!») թևավոր էր խորհրդային բռնազավթման տարիներին։ Այս մոռացված խոսքը, որոշակի փոփոխվելով, վերստին մտավ հանրային խոսույթ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ։
«Ասում ենք Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, ասում են՝ ըհը, էս մեկի անունը չտվեց, «сядут все»»,- ասել է Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ։
Ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, թե բոլորը նստելու են։
Հունիսի 7-ից հետո բռնաճնշումների նոր ալիք է սկսվել, հետապնդումների են ենթարկվում բազմաթիվ քաղաքական, հանրային գործիչներ, գործարարներ, նախկին պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ։ Տպավորություն է, թե կա կոնկրետ մարդկանց շրջանակ, որոնք թիրախավորված են ու հետապնդումների են ենթարկվելու, հալածվելու, ունեզրկվելու և այլն։
Սակայն հուլիսի 2-ին Փաշինյանի ընդհանրական հայտարարությունը՝ «сядут все», մտահոգության տեղիք է տալիս, որ հալածանքների կարող են ենթարկվել բոլորը, չկա կոնկրետ շրջանակ։ Սա նշանակում է, որ բոլոր քաղաքացիները նշանառության տակ են։ Այսինքն՝ Փաշինյանի իշխանությունը մտադիր է բոլոր քաղաքացիներին բանտ նստեցնել։
Համեմատության համար հիշենք, որ խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվել է մի քանի հարյուր հազար հայ։ Ու տարածվել է վախ, ստեղծվել է վախի մթնոլորտ, որ կարող են ցանկացած մարդու հանիրավի բռնել, դատել, աքսորել, սպանել։ Այդ վախը փոխել է մարդկանց վարքը, մտածողությունը։ Մարդիկ վախեցել են խոսել անկախության, ժողովրդավարության, ազատությունների, իրավունքների մասին, քանի որ այդ մասին խոսողներն աքսորվում էին, գնդակահարվում։ Հետո վախն այնքան խորացավ, որ ազատության, անկախության մասին խոսող խիզախ ու ողջամիտ մարդկանց սկսեցին որակել հիմար, հանցագործ, թշնամի և այլն։ Բազմացան անանուն մատնագիր գրողները։ Այսինքն՝ բոլորին բռնելու, դատելու, հանիրավի հետապնդելու վախի ազդեցությամբ ժողովուրդը բարոյապես այլասերվեց, տականքները բազմացան, խիզախը որակվեց հանցագործ, ողջամիտը հիմար։
Նույնը կարող է տեղի ունենալ այսօր։ Երբ Փաշինյանն ասում է՝ «сядут все», ապա բոլոր մարդիկ, բնականաբար ու ողջամտորեն, վախենում են, ստեղծվում է վախի մթնոլորտ։ Այս անգամ նույնպես անկախության, ազատությունների, իրավունքների, ժողովրդավարության մասին խոսողներին շուտով կարող են պիտակավորել ռուսական գործակալ, գող, թալանչի, հանցագործ և այլն։ Այսինքն՝ «сядут все» արտահայտությունը մտավախություն է առաջացնում, որ երկրում կարող է տեղի ունենալ այն, ինչը խորհրդային բռնազավթման տարիներին։ Եվ Փաշինյանն, ասելով «сядут все», հավանաբար, ակնարկում է, որ մտադիր է բռնապետ դառնալ, վերացնել ազատությունները, իրավունքները և այլն։ Սա ահազանգ է ժողովրդավար երկրների և կառույցների համար, որոնք թյուրիմացաբար կարծում են, թե Փաշինյանը անկախության ու ժողովրդավարության ջատագով է։
Մեկ այլ վարկածով ենթադրելի է, որ իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու որոշ ՔՊ-ականներ կարող են հետապնդման ենթարկվել նոր իշխանությունների կողմից։ Այդ մասին բազմաթիվ ակնարկներ են հնչում ընդդիմախոսների կողմից։ Բնականաբար՝ ՔՊ-ականները ևս հասկանում են, որ այսպիսի բան հնարավոր է ենթադրյալ իշխանափոխությունից հետո։ Եվ «Ադամանդե ձեռքը» ֆիլմից հայտնի խոսքը («Спокойно, Козлодоев, сядем все!»), հավանաբար, կիրառվել է ՔՊ-ի ներսում, փակ քննարկումների ժամանակ, երբ որևէ թիմակից մատնանշել է իրենց կատարած ինչ-որ ապօրինություն, օրինախախտում, կեղծիք և մատնանշել դրա համար հետապնդման ենթարկվելու ռիսկը։ Այսպես է այս խոսքը մնացել Փաշինյանի բառապաշարում, իսկ հետո որոշակի փոփոխված կիրառվել է ճեպազրույցի ժամանակ՝ հասցեագրելով, ենթադրաբար, նախկիններին ու նրանց հետ ասոցիացվող անձանց։ Սակայն հնչել է այնպես, կարծես վերաբերում է բոլոր քաղաքացիներին, ամբողջ ժողովրդին։
Կարճ ասած՝ կա ողջամիտ կասկած, որ Փաշինյանն ուզում է բռնապետ դառնալ, հրաժարվել ժողովրդավարությունից, վերացնել ազատություններն ու զանգվածաբար ոտնահարել մարդու իրավունքները, նստեցնել բոլորին։ Իսկ եթե այս ենթադրությունը սխալ է, ապա խորանում է մեկ այլ կասկած, որ ՔՊ-ականներն այնպիսի օրինախախտումներ ու կեղծիքներ են արել, որ լրջորեն վախենում են խմբակային պատասխանատվության ենթարկվելուց, ինչպես «Ադամանդե ձեռքը» ֆիլմի բացասական կերպարները։