Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը երկար տարիների ընթացքում առաջին անգամ չի ընդգրկվել ՌԴ Պետդումայի առաջիկա ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա»կուսակցության դաշնային ցուցակի չեչենական տարածաշրջանային խմբակցությունում, որը նա անփոփոխ գլխավորում էր դեռևս 2007 թվականից սկսած:
Այս մասին հաղորդում է Meduza-ն՝ հավելելով, որ Կրեմլի կողմից հաստատված նոր ցուցակում Կադիրովի փոխարեն ընդգրկվել են նրա մերձավոր դաշնակիցները, այդ թվում՝ Չեչնիայի վարչապետ Մագոմեդ Դաուդովը, Պետդումայի պատգամավորներ Շամսաիլ Սարալիևը, Ախմեդ Դոգաևը, Իսա Թումխաջիևը, իսկ Չեչնիայի առաջնորդի ամենաազդեցիկ զինակից Ադամ Դելիմխանովը կուսակցության կողմից առաջադրվել է որպես «Եդինայա Ռոսիայի» թեկնածու միամանդատ ընտրատարածքում, ինչը փաստում է տարածաշրջանային էլիտայի լուրջ վերադասավորումների մասին:
Այս ուշագրավ քաղաքական դեմարշն էլ ավելի մեծ ինտրիգ է առաջացրել վերլուծաբանների շրջանում, քանի որ Ռամզան Կադիրովը ցուցակներից դուրս մնալուց բացի՝ ամբողջությամբ բաց է թողել նաև «Եդինայա Ռոսիա» կուսակցության՝ հունիսի 28-ին տեղի ունեցած կարևորագույն համագումարը, ինչը փորձագետները կապում են նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետ: Չնայած Կադիրովն ու նրա մամուլի ծառայությունը պարբերաբար և համառորեն հերքում են ցանկացած տիպի հիվանդության առկայությունը, միջազգային հետախուզական աղբյուրներում և ռուսական կուլիսներում արդեն մի քանի տարի է, ինչ անդադար շրջանառվում են լուրեր չեչեն առաջնորդի անբուժելի և ծանր հիվանդության մասին, իսկ նրա ընտրական և կուսակցական ակտիվության այսպիսի աննախադեպ անկումը միայն հաստատում է Գրոզնիում իշխանության հնարավոր տրանզիտի և Կադիրովի քաղաքական մայրամուտի վերաբերյալ կանխատեսումները։