copy image url
Միտք Ներքին 1 ժամ առաջ - 21:00 30-06-2026

ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Սահմանադրական դատարանում շարունակվում է հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը։ Թեպետ ՍԴ ներկայիս կազմի 9 դատավորներից 8-ը նշանակվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք՝ ՔՊ-ականների կողմ ձայներով, և շատերը հենց այս առումով քննության ելքը կանխորոշված են համարում, այնուամենայնիվ իրավական առումով դեռ ամեն ինչ ավարտված չէ, քանի որ բացի ընտրությունների պաշտոնական արդյունքները ուժի մեջ թողնելուց, Բարձր դատարանն առնվազն տեսականորեն կարող է չեղարկել դրանք ու նոր քվեարկություն նշանակել ողջ հանրապետությունում, ընտրությունների 2-րդ փուլ նշանակել կամ էլ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել։

Եթե ընտրությունների արդյունքների չեղարկումը անգամ լավատեսները քիչ հավանական են համարում, ապա իրավաբաններից շատերն առնվազն չեն բացառում, որ ՍԴ-ն կարող է մանդատների բաշխման նոր կարգ սահմանել՝ հաշվի առնելով այն փաստարկները, որոնք ընդդիմադիր ուժերը ներկայացրել են։ Նման որոշման դեպքում ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ի սկզբանե հաղթահարել էր անցողիկ 4%-ի շեմը, սակայն Վահագն Հովակիմյանի որոշմամբ երեք ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումից հետո հայտնվեց շեմից ներքև, կհայտնվի խորհրդարանում, իսկ ՔՊ-ն կզրկվի որակական մեծամասնությունից՝ մանդատների 3/5-ից, ինչը էապես կփոխի քաղաքական ուժերի դասավորվածությունը և էական ազդեցություն կունենա առաջիկա տարիների քաղաքական զարգացումների վրա։

Սակայն մինչ երկրի բարձրագույն սահմանադրական արդարադատության մարմինը դեռ «մտածում է», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, արդեն սկսել են պաշտոններ բաժանմանել։ Մասնավորապես՝ ՔՊ վարչության վերջին նիստերի արդյունքներով ԱԺ նախագահի թեկնածու ընտրվեց ներկայիս խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, փոխխոսնակներ՝ Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։

Այսինքն՝ այն պահին, երբ իրավաբանորեն դեռ նույնիսկ պարզ չէ, թե վերջնական ինչ կազմ է ունենալու խորհրդարանը և ինչպես են բաշխվելու մանդատները, իշխանությունն արդեն ձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը։ Սա դժվար է բացատրել պարզապես ինքնավստահությամբ։ Եթե Սահմանադրական դատարանը տեսականորեն դեռ կարող է ընդունել որոշում, որը կփոխի քաղաքական ուժերի դասավորվածությունը, ապա ինչպե՞ս է իշխանությունն այդպիսի հանգստությամբ բաժանում պաշտոնները՝ առանց որևէ մտահոգության։

Այս իրավիճակում կա երկու հնարավոր բացատրություն․ կա՛մ «Քաղաքացիական պայմանագիր»-ը բացարձակապես վստահ է իր իրավական դիրքերի անխոցելիության հարցում, ինչին անգամ այս իշխանության քարոզիչներն ու խոսոփողներն են թերահավատորեն մոտենում, նրանից որոշները, այդ թվում՝ «ծանր հրետանիներն» ընդունում են, որ ԲՀԿ-ն ապօրինաբար է դուրս թողնվել խորհրդարանից, կամ էլ իշխանությունն արդեն գիտի, թե հուլիսի 4-ին ինչ որոշում է հրապակվելու Սահմանադրական դատարանում։

Առավել հավանական երկրորդ տարբերակն է թվում, որը չափազանց վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Գործող իշխանությունը փաստացի իրեն պահում է այնպես, կարծես ՍԴ-ի որոշումն արդեն կայացված է, ինչը հանրության մոտ անխուսափելիորեն առաջանացնելու է տպավորություն, որ գործի ելքը վաղուց կանխորոշված է, իսկ ՍԴ-ում ընթացող քննությունն ընդամենը ձևական ընթացակարգ է՝ արդեն իսկ ընդունված քաղաքական որոշմանը իրավական տեսք հաղորդելու համար։ Բացի այդ, սա լուրջ վնաս է հասցնելու է նաև ՔՊ-ի հեղինակությանը և հաջորդ ընտրություններում հանգեցնելու էլեկտորալ կորուստի․ անգամ այն քաղաքացիները ովքեր անվերապահորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին և այն հավաստիացումներին, որ վերջինս ժողովրդավարական արժեքների ջատագով է, աստիճանաբար հիասթափվելու են նրանից և հաջորդ ընտրություններում նրանից շատերն այլևս ՔՊ-ի օգտին չեն քվեարկելու։

Եթե անգամ ՔՊ-ից հիասթափված քաղաքացիներից շատերը տիտղոսակիր ընդդիմության օգտին չքվեարկեն, ապա մեծ հավանականությամբ այս ձայները կուղղվեն արևմտամետ ուժերին, իսկ այս ուժերից ոչ բոլորը պատրաստ կլինին նպաստել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությանը՝ իրենց աչքի առաջ ունենալով Արամ Սարգսյանի «տխուր» ճակատագիրը․ վերջինիս գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը 2023-ին Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ դիրքավորվել էր որպես ընդդիմադիր և ավելի քան 11% ձայն ստացել, սակայն դրանից հետո նա կոալիցիա կազմեց ՔՊ-ի հետ և նպաստեց, որ երևանցիների կողմից մերժված Տիգրան Ավինյանը դառնա քաղաքապետ, ինչի հետևանքով այս ընտրություններում ստացավ ձայների ընդամենը 1%-ը: Համեմատության համար նշենք, որ 2021-ին Սարգսյանի ուժը ստացել էր ձայների 3%-ը, որը թեպետ ԱԺ անցնելու համար բավարար չէր, սակայն վերջինս 5 տարի շարունակ պետբյուջեից ֆինանսավորում ստացավ, այս անգամ՝ դրանից էլ զրկվեց։

Կարճ ասած, միայն Սահմանադրական դատարանի՝ հուլիսի 4-ի վերջնական ակտը ցույց կտա, թե որքան հիմնավոր են այս կասկածները։ Սակայն, գործող իշխանությունների վարքագիծն ու պաշտոնների արագ բաշխումն ակամայից մատնում են, որ ՍԴ-ի որոշումը վաղուց հայտնի է առնվազն մեկ հասցեում՝ Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում գտնվող ՔՊ գրասենյակում, և այս կուսակցության ներկայացուցիչներն անգամ ձևականորեն չեն սպասում պաշտոնապես դրա հրապարակմանը։


Ամենից շատ դիտված