Մոնակոյում տեղի ունեցած պայթյունը, քննիչների առաջնային վարկածի համաձայն, կազմակերպվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից՝ հավանաբար որպես նախազգուշացում ուկրաինացի գործարար Վադիմ Երմոլաևին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտասահմանյան ԶԼՄ-ներին։
«Քննիչների առաջնային վարկածն այն է, որ սա ՈւԱԾ-ի կողմից կազմակերպված գործողություն է․․․ Առկա տեղեկությունների համաձայն՝ հարձակումն ավելի շատ նախազգուշացման է նման, քան կանխամտածված սպանության փորձի»,- ասված է հրապարակման մեջ։
Նշվում է, որ մի քանի տարի առաջ գործարարը «հետ էր քաշվել» Ուկրաինայից, իսկ 2019 թվականին հրաժարվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից և Կիպրոսի քաղաքացիություն ստացել։ 2023 թվականին Կիևը նրա դեմ անհատական պատժամիջոցներ էր սահմանել։
Հրապարակման մեջ նշվում է, որ Մոնակոյի պայթյունի հետևանքով Երմոլաևը ոտքերի ծանր վնասվածքներ է ստացել, իսկ նրա ուղեկցուհին կորցրել է մեկ ոտքը և մյուս ոտնաթաթը։ Գործարարի 13-ամյա որդուն պայթյունի ալիքը 20 մետր հեռու է շպրտել, նա այրվածքներ է ստացել։
Պայթյունը տեղի է ունեցել Մոնակոյում հունիսի 29-ի երեկոյան։ Իշխանությունների հայտարարության համաձայն՝ տուժել են մեկ տղամարդ, մեկ կին և մեկ երեխա։ Իրավապահները հնարավոր կասկածյալի ձերբակալման մասին դեռևս չեն հայտնել։