2025 թվականի ապրիլից Գյումրիում իշխանության եկած կոմունիստական կուսակցության թիմը պարբերաբար հայտնվում է քննադատությունների կենտրոնում։ ՔՊ ներկայացուցիչներն ամեն օր սոցիալական ցանցերում պնդում են, թե քաղաքի կառավարումը ձախողվել է, և Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալուց հետո Գյումրիում էական խնդիր չի լուծվել։
Ի պատասխան՝ քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը տեսանյութ է հրապարակել՝ վստահեցնելով, որ աշխատանքներ իրականացվել են և շարունակվում են։ Սակայն, թե իրականում ինչ է արվել, ինչ չի արվել և ինչ արդյունք կա, ամեն օր սեփական մաշկի վրա զգում են հենց գյումրեցիները։
Քաղաքում շարունակում են չլուծված մնալ տարիների խնդիրները՝ թափառող շներ, ամիսներով քանդված փողոցներ, հասարակական տրանսպորտի անկատար համակարգ և բազմաթիվ այլ հարցեր։ Այդ ֆոնին Ավետիս Առաքելյանը հայտարարում է, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա։
Oragir.News-ի հետ զրույցում նա նաև
նշել էր, որ եթե իշխանությունները «ազատեն» քաղաքապետին, ապա նա կսկսի շենացնել քաղաքը։
Մինչդեռ վերջին շրջանում Գյումրիի ավագանու նիստերն ավելի հաճախ հիշեցնում են քաղաքական բանավեճի հարթակ, քան աշխատանքային քննարկում։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, սուր արտահայտություններ ու նույնիսկ «դասախոսություններ»։ ՔՊ խմբակցության անդամները գործընկերներին խորհուրդ են տալիս կարդալ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը՝ հայտարարելով. «Չգիտե՞ք՝ կարդացե՛ք ու սովորե՛ք, ի վերջո կրթվելը նորաձև է»։
Սակայն խոսքային փոխհրաձգությունը միայն նիստերի մթնոլորտով չի սահմանափակվում։ Օրակարգային բազմաթիվ հարցերի դեպքում ՔՊ խմբակցությունը քվեարկում է ձեռնպահ կամ դեմ, ինչի հետևանքով քաղաքային կարևոր որոշումների ընդունումը հաճախ բարդանում է։
Ստացվում է, որ այս քաղաքական դիմակայության գլխավոր «պարտվողը» Գյումրին է։ ՔՊ-ի և քաղաքի գործող իշխանությունների միջև խորացող հակամարտությունն աստիճանաբար վերածվում է կառավարման արդյունավետությունը խոչընդոտող գործոնի, մինչդեռ քաղաքի բնակիչները շարունակում են սպասել իրենց առօրյա խնդիրների լուծմանը։