«Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և իր հայրը
Oragir.News-ի հրապարակումը դիտարկել են որպես զրպարտություն և դիմել են դատարան, որպեսզի լրատվականը հերքում հրապարակի։ Բացի այդ, ներկայացրել են նաև 6 միլիոն դրամի պահանջ՝ ընդ որում հայցը ներկայացվել է և՛ լրատվամիջոցի, և՛ նյութի հեղինակի դեմ»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց փաստաբան Լիլիթ Թարջիմանյանը։
Նշենք՝ խոսքը մեկ ամիս առաջ հրապարակված
նյութի մասին է, որում անդրադարձել էինք Գալյանի հաշմանդություն ունեցող խորթ քրոջը, որին նախարարն անտեսել է։
Փաստաբանի խոսքով՝ հայց ներկայացնելուց մի քանի օր անց Գալյանը դիմել է նաև հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությամբ, սակայն դրա բովանդակությանը պաշտպանական կողմը ծանոթ չէ։
«Առաջին ատյանի դատարանը չի բավարարել միջնորդությունը, որով պահանջվում էր 6 միլիոն դրամի չափով արգելանք դնել
Oragir.News-ի և լրագրողի գույքի ու դրամական միջոցների վրա։ Այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել»,- նշել է փաստաբանը։
Ըստ Թարջիմանյանի՝ դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ իրավաբանական անձի նկատմամբ նման ապահովման միջոցի կիրառումը կարող է խոչընդոտել նրա բնականոն գործունեությանը։
«Քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ կա կարգավորում, որ հայցի ապահովման միջոցը չի կարող խոչընդոտել իրավաբանական անձի գործունեությանը։ Եթե արգելանք դրվի իրավաբանական անձի գույքի կամ դրամական միջոցների վրա, բնականաբար, նրա գործունեությունը կխաթարվի։ Այդ հիմքով էլ դատարանը մերժել է միջնորդությունը»,- նշեց նա։
Փաստաբանը շեշտում է՝ վերաքննիչ բողոքում, իր գնահատմամբ, ներկայացված հիմնավորումները հիմնականում վերաբերել են իրավաբանական անձին, մինչդեռ լրագրողի մասով բավարար փաստական հիմնավորումներ չեն ներկայացվել։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հնարավորություն է տալիս նախ գրավոր դիմել լրատվամիջոցին՝ հերքման պահանջով։
«Եթե լրատվամիջոցը հերքումը չի հրապարակում, դրանից հետո արդեն կարելի է դիմել դատարան։ Ճիշտ է, օրենքը դա պարտադիր պայման չի սահմանում, այլ նախատեսում է որպես իրավունք, բայց այս դեպքում հնարավոր էր նախ դիմել լրատվամիջոցին, ներկայացնել իրենց փաստարկները, և եթե պարզվեր, որ հրապարակման մեջ կան իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, լրատվամիջոցը գուցե շտկում կատարեր։ Սակայն նրանք միանգամից որոշել են դիմել դատարան և առավելագույն՝ 6 միլիոն դրամի պահանջ ներկայացնել։ Կարող էին պահանջել 200 հազար, 500 հազար, 1 միլիոն դրամ, սակայն որոշել են ներկայացնել առավելագույն՝ 6 միլիոն դրամի պահանջ»,- մանրամասնեց փաստաբանը։
Հաշվի առնելով այս հանգամանքը հարցեր է առաջացնում նաև պետական պաշտոնյայի վարքագծի տեսանկյունից։
Եթե պետական պաշտոնյան, հատկապես արդարադատության համակարգը ներկայացնող անձը, հայտարարում է ժողովրդավարական արժեքներին և խոսքի ազատությանը հավատարիմ լինելու մասին, ապա նախ կարող էր օգտվել օրենքով նախատեսված՝ լրատվամիջոցին հերքման կամ ճշտման պահանջ ներկայացնելու հնարավորությունից, ինչը չի արվել։
Հետաքրքրականն այն է, որ Սրբուհի Գալյանի ղեկավարած գերատեսչությունը մինչ օրս շարունակաբար
Oragir.News-ին է ուղարկում պաշտոնական հաղորդագրություններ, սակայն տվյալ հրապարակման վերաբերյալ հերքման նամակ ուղարկելը տեղին չի համարել։
Փաստացի՝ այս ամենը կարող է ընկալվել որպես լրատվամիջոցի գործունեության վրա զգալի ֆինանսական ճնշում գործադրելու և դրա գործունեության խոչընդոտմանը միտված ուղղակի քայլ, թեև այդ հարցի վերջնական իրավական գնահատականը կտա դատարանը։