copy image url
Ներքին 15 ժամ առաջ - 09:00 26-06-2026

21 միլիարդ շահույթ և նվիրատվություն սեփական հիմնադրամին. ուր են գնում «Էվոկաբանկի»  միլիարդները

Հասմիկ Մովսիսյան

Լրագրող

Հայաստանի բանկերի բարձր եկամուտներն ու գործարարների մշակութային ծրագրերը հաճախ են հայտնվում հանրության ուշադրության կենտրոնում։ Օրինակներից մեկը «Էվոկաբանկի» շուրջ ստեղծված պատկերն է, որտեղ մի կողմից արձանագրվում են ռեկորդային շահույթներ, մյուս կողմից՝ իրականացվում են պատմական ձեռագրերի փրկությանն ուղղված մշակութային քայլեր։

Ըստ հրապարակված տարեկան հաշվետվության տվյալների՝ բանկի ֆինանսական պատկերն ունի հետևյալ կառուցվածքը․ ընդհանուր հասույթ․ 47.6 միլիարդ ՀՀ դրամ, զուտ շահույթ՝ 21.3 միլիարդ ՀՀ դրամ։ Նման բարձր ցուցանիշը անշուշտ վկայում է վարկային միջոցների նկատմամբ բնակչության չափազանց բարձր պահանջարկի մասին։

Այս համատեքստում ուշագրավ է դառնում «Էվոկաբանկի» սեփականատեր, պաշտոնապես որպես օտարերկրյա ռեզիդենտ գրանցված (սակայն Երևանի կենտրոնում՝ Փավստոս Բուզանդի փողոցում հաշվառված) Մարետա Ռուդիկի Գևորկյանի գործունեությունը։



Վերջինս հանրությանը ներկայացվում է իր հայրենանպաստ մշակութային քայլերով։ Մասնավորապես, նրա կողմից հիմնադրված «Կերոն» զարգացման հիմնադրամը Փարիզից ձեռք է բերել պատմական արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ 1782 և 1829 թվականների տպագիր «Նարեկներ» և հանձնել Մաշտոցյան Մատենադարանի մասնագետների վերականգնմանը։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս մի պարզ հակասություն․ իրավական տեսանկյունից «Կերոն» հիմնադրամի և «Գրիին Ռոք Մենեջմենթ Գրուպ» ՍՊԸ-ի միակ հիմնադիրն ու սեփականատերը հենց ինքը՝ Մարետա Գևորկյանն է, ինչը նշանակում է, որ ձեռագրերի գնումը և «նվիրատվությունը» հիմնադրամին, ըստ էության, գույքի տեղափոխում է սեփական մի կառույցից մյուսը։ Ստացվում է՝ արժեքները մնում են հիմնադրի անձնական և փոխկապակցված կազմակերպությունների տիրույթում։



Տեղեկացնենք, որ սույն թվականի ապրիլին «Կերոն» զարգացման հիմնադրամին նվիրաբերվեցին հնատիպ գրքեր ու ձեռագրեր, որոնք աճուրդի էին հանվել Փարիզում՝ Սամուելյան գրախանութի փակվելուց հետո։ Բավական մեծ մրցակցության պայմաններում այս արժեքավոր նմուշները բարձր գներով ձեռք է բերել «Վիլկո» ընկերությունը և նվիրել հիմնադրամին։ Նշենք, որ «Վիլկո» ընկերության միակ սեփականատերը Մարետա Գևորկյանն է։

Oragir.News-ը կապ հաստատեց«Կերոն» զարգացման հիմնադրամի հետ՝ խնդրելով պարզաբանել՝ արդյոք Փարիզից ձեռք բերված պատմական արժեքավոր ձեռագրերը մնալո՞ւ են որպես հիմնադրամի սեփականություն, թե՞ վերականգնումից հետո նվիրաբերվելու են պետությանը։ Հիմնադրամի աշխատակիցը դժվարացավ պատասխանել։ Տնօրենի հետ ևս չհաջողվեց կապ հաստատել, քանի որ վերջինս երկրում չէ։

Որպես ֆինանսական շուկան կարգավորող գլխավոր մարմին՝ ՀՀ Կենտրոնական բանկը պատասխանատու է երկրում վարկային քաղաքականության համար։ Ուստի, Oragir.News-ը գրավոր հարցմամբ դիմել է նաև ԿԲ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք կառույցը բնականո՞ն է համարում հայաստանյան բանկերի նման բարձր շահույթները բնակչության ընդհանուր վարկային բեռի ֆոնին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում վարկային տոկոսադրույքների կարգավորման ու սպառողների շահերի պաշտպանության համար։

Ամենից շատ դիտված

10:32 Եթե ընդդիմադիրները վերցնում են մանդատները, ապացուցում են, որ մասնակցել են Նիկոլ վերարտադրելու վաղօրոք մշակված գործողությանը. Հայկ Դեմոյան
11:55 Հայտնի է Նորայր Նիկոյանի ողբերգական վթարից մահացած քրոջ հրաժեշտի արարողության վայրն ու ժամը
21:54 Պուտինն օրենք է ստորագրել ՌԴ ԶՈւ ծառայող օտարերկրացիների արտաքսումն արգելելու մասին
18:30 Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը տեղում մահացել է
13:23 Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը. ՔԿ
22:35 Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:40 Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորում․ մայր ու որդի հոսպիտալացվել են
09:00 21 միլիարդ շահույթ և նվիրատվություն սեփական հիմնադրամին. ուր են գնում «Էվոկաբանկի»  միլիարդները
10:54 Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու կապակցությամբ
21:07 Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը. Արփինե Հովհաննիսյան