copy image url
Ներքին 45 րոպե առաջ - 16:33 07-09-2026

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2026-2027 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Հանկարթության նոր չափորոշչի շրջանակում ստեղծված նոր դասագրքերի վարձակալության միջին վճարները նվազել են ավելի քան 60 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Միաժամանակ դասագրքերի վարձակալության վճարները համարվում են կրթության գծով սոցիալական ծախս և ենթակա են փոխհատուցման 5-12-րդ դասարաններում (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար):

Փոխհատուցումը կատարվում է յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3000 դրամի չափով: Փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ):

Հիշեցնենք՝ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրայլյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: