Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ժամ առաջ - 10:12 25-06-2026

Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Դատախազը 2026 թվականի հունիսի 24-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Կոտայքի նախկին մարզպետ Կ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Կ.Գ.-ի նկատմամբ՝ արգելանքի տակ գտնվող գույքի հետ ապօրինի արարք կատարելու համար:

Հիշեցնենք, որ, ի թիվս այլնի, 2026 թվականի մայիսի 12-ին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանից և նրա կնոջից՝ Ռոզա Գագիկի Ծառուկյանից, բռնագանձված՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պ. Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի՝ ապօրինի ճանաչված մասի՝ շուրջ 91%-ի նկատմամբ:

Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել էր, որ Կ.Գ.-ն տեղեկացված է եղել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով Հակակոռուպցիոն դատարանի կողմից կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց՝ արգելանք, դատարանի կողմից արգելվել է գույքի տնօրինման հետ կապված գործողություն կատարելը, սակայն կազմակերպել է վերոնշյալ բնակելի տան արտաքին և ներքին, ինչպես նաև նկուղային պատերի վնասումը:

Մասնավորապես՝ կազմակերպել է բնակելի տան արտաքին և ներքին պատերի երեսպատված սալիկների ապամոնտաժումը, դռների ու պատուհանների տեղահանումը, վնասել է տան ներքին հարդարումը, այդ թվում հոսանքալարերը, ներքին պատերի և առաստաղի հարդարումը, ամբողջությամբ ապամոնտաժել է սալիկները, մանրահատակը, վնասել է բակի ջրավազանը և տան տանիքի ծածկը:

Վերոնշյալ գործողությունների արդյունքում, պետությանը պատճառվել է առնվազն 229 միլիոն դրամի վնաս:

2026 թվականի հունիսի 10-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Կ.Գ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը՝ մեկ ամիս ժամկետով և 20 միլիոն դրամ գրավը:

Պետությանը պատճառված վնասի՝ շուրջ 229 միլիոն դրամի վերաբերյալ, դատախազը գույքային հայց կներկայացնի դատարան:

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը