Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 22:12 16-06-2026

Մեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ. Պապոյան

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն արձագանքել է Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի հայտարարությանն այն մասին, թե հայկական կողմն իր ղեկավարած կառույցի կողմից ուղարկված նամակներն անպատասխան է թողնում։

Պապոյանը բացառել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից իր գլխավորած նախարարությունը ստանա նամակ, որին ոչ միայն չպատասխանի, այլև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնի կամ էլ համապատասխան արձագանք չհնչեցնի։

ՀՀ էկոնոմիկայի նախարարն այս մասին հայտարարել է «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում՝ վստահեցնելով, որ նման բան չի կարող լինել, քանի որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ոչ մի նամակ անպատասխան չի թողնում՝ հատկապես այնպիսի պետության մարմնից, որի հետ Հայաստանը ռազմավարական գործընկերություն ունի։

«Ես բացառում եմ դա․ ենթադրում եմ՝ այդ մեկնաբանության կամ տեղեկատվության մեջ որոշակի անհասկացվածություն կա։ Ես բացառում եմ, որ մենք Ռուսաստանի Դաշնության մեր որևէ գործընկեր կառույցից ստանայինք նամակ և անպատասխան թողնեինք։ Մենք շատ ուշադիր նորից նայել ենք ամբողջ համակարգում, այդպիսի չպատասխանած նամակ մենք չունենք։ Ես բացառում եմ, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության պետական որևէ մարմնից մենք ստանայինք նամակ և այդ նամակին ոչ միայն չպատասխանեինք, այլ նաև ըստ պատշաճի ուշադրություն չդարձնեինք կամ համապատասխան արձագանք չհնչեցնեինք»,- վստահեցրել է Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը նաև նշել է, որ միայն առաջիկա մեկ ամսվա ընթացքում երկու այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ հանդիպելու տարբեր գործընկերների հետ։

«Նախատեսված են հանդիպումներ երկու տարբեր գործընկերների հետ։ Այդ հարցերը կլուծենք, կքննարկենք, որովհետև ես կարծում եմ, որ բոլոր հարցերը հնարավոր է և պետք է քննարկել սեղանի շուրջ, և բոլոր հարցերը հնարավոր է լուծել ՌԴ-ի հետ համակարգված աշխատանքի արդյունքում։ Այդուհանդերձ, չեմ բացառում, որ գործընկերների կողմից կան բարձրացված հարցեր, որոնք դեռ պատշաճ պատասխան, միգուցե, իրենք չեն ստացել․ պետք է տեսնել, թե որոնք են այդ հարցերը, բերել Էկոնոմիկայի նախարարության դաշտ և լուծել դրանք»,- ընդգծել է Պապոյանը։

Անդրադարձ կատարելով վերջին շրջանում Ռուսաստանի կողմից Հայաստանում արտադրվող բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ տնտեսական սահմանափակումներին և հայ տնտեսվարողների ու արտահանողների գործունեության վրա դրանց ազդեցությանը՝ Գևորգ Պապոյանը շեշտել է, որ Էկոնոմիկայի նախարարությունն ակտիվ աշխատում է մասնավոր բիզնեսի հետ և որոշակիորեն հաջողվել է դիվերսիֆիկացնել Հայաստանից արտահանումները։

«Մի շարք ապրանքային ուղություններով դեպի Ռուսաստան արտահանում պրակտիկորեն դադարեցվել է, և դա որոշակի շոկային իրավիճակ է ստեղծել, սական պետք է նշել, որ Էկոնոմիկայի նախարարությունը ակտիվ աշխատում է մասնավոր բիզնեսի հետ, և որոշակիորեն և էական չափով մեզ հաջողվել է արտահանումը դիվերսիֆիկացնել»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը։

Նրա խոսքով՝ եթե անցած տարվա հունիսի 1-15-ն ընկած ժամանակահատվածում կոնկրետ ապրանքային ուղղություններով, որոնք այս պահին սամանափակման տակ են, Հայաստանից արտահանումը մոտավորապես 2300-2400 տոննայի շրջանակում էր, որի 90 և ավելի տոկոսը՝ Ռուսաստանի Դաշնություն, այսօր այդ նույն ապրանքային ուղություններով ՀՀ-ից արտահանումը կազմում է մոտավորապես 1900 տոննա։

«Այո ունենք նվազում, բայց այդ նվազումը այն ծավալով չէ, որը կար, այսինքն՝ Ռուսաստան արտահանվող ապրանքների մեծ մասը հիմա գնում է դեպի այլ երկրներ՝ եվրոպական երկրներ, Ուկրաինա, Վրաստան և այլն․ աշխարհագրություն ավելի լայն է։ Այս առումով պետք է նշել, որ խնդիրներ կան, բայց խնդիրները այն ծավալով չեն, որը ենթադրվում էր, այսինքն՝ փաստացի 70 և ավելի տոկոսը պարզապես արտահանվում է այլ երկրներ»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում հայ տնտեսվարողներին և արտահանողներին օգնելու ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող քայլերին, Պապոյանը հայտնել է, որ բիզնեսին աջակցելու համար արդեն իսկ մշակվել են մի շարք ծրագրեր։

«Մասնավորապես, արտահանման ժամանակ ամեն կիլոգրամի, ամեն հատի համար կամ ամեն լիտրի համար կոնկրետ աջակություն ենք տրամադրում։ Մաքսատուրքերից ենք ազատել․ պետությունն է վճարում դրանք։ Եվ երրորդը՝ հատկապես ջերմատնային բիզնեսը, գյուղացիական տնտեսությունները, ինտենսիվ այգիները վարկային խնդիրներ ունեին, և հիմա Կառավարություն ենք ներկայացրել ծրագրեր, որոնցով վարկային միջոցներով նրանց կաջակցենք։ Նկատի ունեմ, որոշ դեպքերում վարկային տոկոսադրույքների սուբսիդավորում, որոշ դեպքերում վարկերի մարման ժամկետների երկարաձգում, որոշ դեպքերում արտոնյալ ժամկետների երկարաձգում, արտոնյալ վարկավորման պայմաններ և այսպես շարունակ։ Սրանք այն միջոցառումներն են, որոնք պետք է որ նպաստեն նրան, որ մենք գանք այն թվին, որը եղել է նախորդ տարի։ Իհարկե, նաև հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության հետ կապված հարցադրումները կլուծվեն, և մենք կշարունակենք մեծ ծավալներով արտահանել նաև Ռուսաստան»,- շեշտել է Էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանը խոսել է նաև ռուսական սահմանափակումների ֆոնին Եվրոպական միության կողմից այս ոլորտում Հայաստանին առաջարկվող աջակցության ու հայ արտահանողների համար տնտեսական նոր հնարավորությունների բացման մասին՝ բարձր գնահատելով այդ տեսանկյունից Եվրամիության մոտեցումները։

«Շատ ուրախալի է, որ մենք եվրոպական գործընկերների աջակցությունն ենք այս օրերին ստանում այս բարդ իրավիճակում և սա շատ կարևոր է։ Մեր նպատակն է նաև, բնականաբար, մեր արտահանումը դիվերսիֆիկացնել, այսինքն՝ մենք չենք ուզում արտահանել միայն Եվրոպա, ցանկանում ենք արտահանել նաև Մերձավոր Արևելք, Չինաստան, ասիական շուկաներ, Ռուսաստանի Դաշնություն․ բոլոր շուկաները մեզ համար կարևոր և թիրախային են։ Իհարկե, մենք բարձր ենք գնահատում ԵՄ աջակցությունը, բայց, այնուամենայնիվ, ես ուզում եմ նշել, որ մեր նպատակը դեպի Ռուսաստան արտահանումը դեպի եվրոպական ուղղություն տեղափոխելը չէ»,-ընդգծել է Պապոյանը։
Նա հույս է հայտնել և համոզվածություն արտահայտել, որ հայ-ռուսական բարձր մակարդակի քաղաքական, տնտեսական, միջանձնային բոլոր կապերն իրենց դերակատարումն, այնուամենայնիվ, ունենալու են և ռուսական շուկան վերաբացվելու է Հայաստանի համար։

«Ես այլ կերպ չեմ պատկերացնում երկու ռազմավարական գործընկեր պետությունների հարաբերությունները։ Այո, հիմա կան որոշակի հարցեր, բայց ես կարծում եմ, որ այդ հարցերը կարող են լուծվել և պետք է լուծվեն, և կրկնում եմ՝ մեկ տնտեսական միության մեջ գտնվող երկրները կարող են ունենալ խնդիրներ, բայց նաև հենց այդ տնտեսական միությունը պետք է օգնի, որպեսզի դրանք լուծվեն։ Մեր խնդիրն, ի վերջո, այն է, որ գտնենք համապատասխան բանաձևեր ռուսաստանցի գործընկերների հետ, և դրանց շրջանակում տանք լուծումներ, որպեսզի մեր արտահանումը նորից բացվի, որովհետև մենք ևս համակարծիք ենք, որ Հայաստանի Հանրապետությունից բարեկամ երկրներ և առհասարակ բոլոր ուղղություններով պետք է արտահանվի որակյալ ապրանք»,-եզրափակել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։

Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ներմուծման այս արգելքների ֆոնին Հայաստանը դիվերսիֆիկացնում է արտահանման շուկաները դեպի Եվրոպաան միության և այլ շուկաներ։

Ամենից շատ դիտված

17:13 Մայրը շատ ուշադիր ծնող է, միայնակ ու տանջանքով է մեծացրել երեխաներին. ընտանիքը Գյումրիից է. ինչ են պատմում անչափահաս քույրերի ընտանիքի մասին
18:00 Ընտանիքը Գյումրիից է. Վանաձորում վարձով էին ապրում. մայրը միայնակ ու մեծ դժվարությամբ է մեծացրել երեխաներին. նոր մանրամասներ՝ 2 քույրերի առեղծվածային դեպքից
09:00 ՊԵԿ-ից՝ «Արդշինբանկ» և սեփական ՍՊԸ-ներ. Բադասյանը «քամում է» հնարավորինը
14:50 Թռնում եմ, որ մոռանամ՝ Նիկոլը ևս 5 տարի վարչապետ է լինելու. Էվելինա Խանոյան
19:30 Եվրոպական ընկերությունները հրաժարվել են գործարքից
20:42 Քյարթու տղա չեմ սիրում. ինչու է Էլեն Սաֆարյանը ստիպել նշանածին վաճառել իր Niva-ն
17:02 Մտածում էի՝ գուցե գետը չեն ընկել, շներից վախեցել, թաքնվել են ինչ-որ տեղ. կորած քույրերի մորաքույրն առաջ է քաշում իր վարկածը
09:18 Իրանից հետո ԱՄՆ-ն կկենտրոնանա Ուկրաինայի հարցի վրա. Թրամփ
14:00 Հղի է, թե՞ ոչ. Մենչի դստեր արձագանքը երկրպագուներին հուզող ամենագլխավոր հարցին
16:00 Ընդդիմության պայքարի 3 ուղիները՝ ՍԴ, փողոց, ԱԺ