2026 թվականի հունիսի 8-ին Ստամբուլում, Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հերթական՝ տասներորդ եռակողմ հանդիպման շրջանակներում, Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ կողմերը վերանայել են Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության միջև գոյություն ունեցող ռազմավարական գործընկերությունը և դրա հետագա խորացման հեռանկարները:
Դրական է գնահատվել երկու երկրների միջև ոլորտային համագործակցությունը:
«Հանդիպմանը ուշադրություն է դարձվել «Միջին միջանցքի» զարգացման գործընթացում երկու երկրների համագործակցության և դրա հետ կապված ռազմավարական նախագծերի հաջող իրականացման կարևորությանը:
Զրույցի ընթացքում ընդգծվել են տարածաշրջանում ընթացող գործընթացները և Վրաստանի ու Թուրքիայի դերը տարածաշրջանում խաղաղության և կայուն զարգացման գործում:
Նախարարները պատրաստակամություն են հայտնել նաև ապագայում շարունակել սերտ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Մակա Բոճորիշվիլին շնորհակալություն է հայտնել թուրք գործընկերոջը Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափի շրջանակներում արտաքին գործերի նախարարների հանդիպումը բարձր մակարդակով կազմակերպելու և Ստամբուլում ջերմ հյուրընկալության համար»,- ասված է մամուլի հաղորդագրության մեջ: