Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել Ֆիդել Կաստրոյի սխրանքը՝ ցմահ մնալ իշխանության։
ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները։ Այդու՝
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 49, 825%,
«Ուժեղ Հայաստան»՝ 23,281%,
«Հայաստան»՝ 9, 934%,
«Բարգավաճ Հայաստան»՝ 3,996%։
Տրամաբանորեն՝ պետք է 2-րդ փուլ անցկացվի, քանի որ մասնակիցներից ոչ ոք չի հավաքել 50 տոկոսից ավելի քվե։ Սակայն այդպես չի լինելու։ 2015-ին ընդունված Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված է մանդատների բաշխման կարգը։ Այդ բանաձևով հաշվարկելով՝ ՔՊ-ն կունենա 61 մանդատ (58+3), «Ուժեղ Հայաստանը»՝ 28 (27+1), «Հայաստան»-ը՝ 11, ԲՀԿ-ն՝ 5։
Սա ՔՊ-ին կապահովի պարզ մեծամասնություն ԱԺ-ում։ Եվ այս հիմքով ՔՊ-ն կարող է Կառավարություն կազմել և կառավարել հաջորդ տարիներին։
Ի՞նչ դասեր կքաղեն ընդդիմադիր ուժերը հերթական պարտությունից։
Հունիսի 7-ին ընդդիմադիրների պարտությունից ողջամիտ եզրակացությունն այն է, որ ռուսամետ դրոշով հնարավոր չէ ընտրություններում հաղթել Նիկոլ Փաշինյանին։ 2021-ին և 2026-ին ռուսամետ մեծ ուժերի պարտությունը ապացուցում է, որ ռուսամետ դիրքորոշմամբ հնարավոր չէ հաղթել ՔՊ-ին։
Իսկ հնարավո՞ր է արևմտամետ դրոշով հաղթել Նիկոլ Փաշինյանին։
Սա տրամաբանական հարցադրում է։ Բազմաթիվ երկրների ղեկավարներ շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ։ Առաջիկայում կլինի նաև շնորհավորանք Մոսկվայից, ինչը կզսպի ռուսամետներին հետընտրական նախաձեռնություններից, վերջիններս լռելյայն կճանաչեն Փաշինյանի հաղթանակը։
Առաջին հայացքից՝ նույն գույների ԱԺ է ձևավորվելու, նույն դիրքորոշմամբ և խոսույթով։ Սակայն իրականում կան էական տարբերություններ։
Ի տարբերություն 2021-ին ձևավորվածի՝ այս պարագայում փոխվել է ընդդիմության ֆավորիտը։ Ներկայում այն նոր ձևավորված, անփորձ, ամորֆ ուժ է։
Հաջորդ տարբերությունն այն է, որ այս անգամ ընդդիմադիրներն ընդհանուր թվով ավելի են և կարող են իմպիչմենտի գործընթաց սկսել։ Սակայն նրանց շարքերում չկա իմպիչմենտի ջատագով ՀՀԿ-ն, ուստի՝ իմպիչմենտի գործընթացը քիչ հավանական է։
Նախընտրական շրջանում ՔՊ-ն ասում էր, թե ակնկալում են հավաքել 65 տոկոս, սակայն ստացավ 50 տոկոսից էլ պակաս։ Եթե ՔՊ-ն ստանար սահմանադրական մեծամասնություն, ապա ստիպված պիտի արմատական քայլեր ձեռնարկեր անկախության և ժողովրդավարության ուղղությամբ, ինչի ակնկալիքն ունեն ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Մասնավորապես՝ պետք է դուրս հրավիրեր ռուսական զորքերը, դեսովետիզացում աներ, դառնար իսկական ժողովրդավարական երկիր։
ԵՄ երկրների ղեկավարների շնորհավորանքների տեքստերում ընդգծվում է այդ հույսը, որ ՀՀ-ն առաջիկայում կազատվի ռուսական ազդեցությունից, կդառնա իրապես անկախ ու ժողովրդավարական երկիր։ Եթե այդ հույսը չարդարանա, ապա Արևմուտքը, տրամաբանորեն՝ երես կթեքի նրանից։
Ներկայում 61 մանդատ ստացած Փաշինյանը կարող է ձգձգել ԵՄ-ին խոստացած բարեփոխումները, պատճառաբանելով, թե չունի սահմանադրական մեծամասնություն։ Նա կարող է հորինել ռուսական հեղաշրջման փորձերի մասին ստեր և գրեթե ոչինչ չանել ՀՀ անկախության և ժողովրդավարության ամրացման համար։ Փաշինյանը կարող է ՀՀ-ն պահել ռուսական ուղեծրում, ինչպես խոստացել էր Պուտինին, իսկ ռուսամետ ընդդիմությամբ վախեցնել եվրոառվույտներին, որ եթե ԵՄ-ն երես թեքի ՔՊ-ից, ապա ռուսամետ ուժերը ՀՀ-ն կդարձնեն ռուսական գաղութ։
Պարզ ասած՝ ընդդիմադիր ուժերը, ցանկության և կամքի առկայության պարագայում, կարող են զրկել Փաշինյանին գլխավոր հաղթաթղթից։ Օրինակ՝ եթե Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը վաղը հանդես գան ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին միանալու օգտին, ապա գուցե ԵՄ-ի աջակցությամբ հաղթեն հաջորդ ընտրություններում, պարտության մատնեն ՔՊ-ին, որը ձգձգում է անկախության ու ժողովրդավարության բարեփոխումները։ Հակառակ պարագայում՝ եթե շարունակեն ռուսական խաղը, ապա կօգնեն, որ Փաշինյանը գերազանցի Ֆիդելի ռեկորդը։