Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի Մոնիթորինգի և վերահսկողության վարչությունը 7 դիմում-բողոք է ստացել 5 քաղաքական ուժերից։
Այս մասին ԿԸՀ-ում ընթացող ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՌՀ Մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը։
Բողոքներ են եղել «Լուսավոր Հայաստան», «Նոր Ուժ», ինչպես նաև Կոմունիստական կուսակցություներից։ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած երկու դիմումներից մեկը վերաբերել է «Արմենիա TV»-ի, «Շանթ» հեռուստաընկերության և Հանրային հեռարձակողի կողմից քաղաքական գովազդի հեռարձակման ենթադրյալ ապօրինի մերժմանը, իսկ մյուսը՝ Հանրային հեռարձակողի կողմից նախընտրական քարոզչության ընթացքում հավասար և ոչ խտրական պայմաններ ապահովելու օրենսդրական պահանջի առերևույթ խախտմանը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի դիմումը վերաբերում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական գովազդին, որը, ըստ դիմումատուի, պարունակել է դաշինքի իրավունքների խախտման հատկանիշներ։
Իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցության դիմում-բողոքները վերահասցեագրվել էին ՀՌՀ-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից։ Դրանցից մեկը վերաբերում էր Հանրային հեռարձակողի յութուբյան հարթակում հրապարակված տեսանյութին, իսկ մյուսը՝ Հանրային հեռարձակողի կողմից կազմակերպված երկրորդ բանավեճի ընթացքում հավասարության սկզբունքի հնարավոր խախտմանը»,- հայտնեց Դոխիկյանը։
Լիաննա Դոխիկյանի տեղեկացմամբ՝ դիմում-բողոքներից երկուսի հիման վրա՝ «Լուսավոր Հայաստան» և «Նոր Ուժ» կուսակցությունների դիմումների մասով, հարուցվել են վարչական վարույթներ, իսկ մնացած դիմում-բողոքներին տրվել են օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխաններ։
Ընդհանուր առմամբ, նախընտրական քարոզչության ընթացքում հարուցվել է 7 վարչական վարույթ, որոնցից 2-ը՝ դիմում-բողոքների հիման վրա, իսկ 5-ը՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ։