Կիևի խնդրանքով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 8-ին արտակարգ նիստ կգումարի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա վերջերս իրականացված զանգվածային հարձակման։ Գրում է Deutsche Welle-ն, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան։
«Ռուսական վերջին հարվածների ալիքը ևս մեկ հիշեցում է այն մասին, որ Մոսկվան շարունակում է նախընտրել սրացումը, այլ ոչ թե խաղաղությունը»,-ասել է նա։
Ուկրաինացի դիվանագետի խոսքով՝ Ռուսաստանի վրա շարունակական միջազգային ճնշումը մնում է կարևորագույն գործոն՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ հարգանքը վերականգնելու և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ պատերազմը դադարեցնելու կարևոր առաջարկն առաջ մղելու համար։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին համապարփակ, արդար և երկարատև խաղաղության հասնելու գործում նրանց շարունակական աջակցության և ներդրման համար»,-նշել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։