copy image url
Արտաքին 1 ամիս առաջ - 16:59 06-06-2026

Մինչև 2030-ը Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա․ Սթարմեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ բրիտանական հետախուզության և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Ռուսաստանը կարող է հարձակվել դաշինքի երկրներից մեկի վրա արդեն մինչև 2030 թվականը։ Գրում է BBC-ն։

Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող անօդաչու թռչող սարքերի արտադրամաս կատարած այցի ժամանակ Սթարմերն ընդգծել է, որ հենց այս կանխատեսումներով է պայմանավորված երկրի պաշտպանողականությունն ամրապնդելու ուղղությամբ հրատապ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։

«Մեր և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների հետախուզական տվյալները փաստում են, որ ՆԱՏՕ-ի վրա Ռուսաստանի հարձակումը կարող է տեղի ունենալ արդեն իսկ մինչև 2030 թվականը»,- հայտարարել է Բրիտանիայի վարչապետը։

Սթարմերը նաև հայտնել է, որ կառավարությունը մինչև հուլիսին Թուրքիայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկը կներկայացնի պաշտպանության ոլորտի զարգացման երկար սպասված տասնամյա ծրագիրը։ Նրա խոսքով՝ փաստաթղթով նախատեսված բոլոր քայլերն ապահովված կլինեն լիարժեք ֆինանսավորմամբ։

Նույն օրն ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի շտաբի պետ Ռիչարդ Նայթոնը նույնպես զգուշացրել էր, որ Ռուսաստանից բխող սպառնալիքների ֆոնին երկիրը պետք է արագացված տեմպերով մեծացնի իր պաշտպանական ներուժը։ BBC-ին տված հարցազրույցում նա ներկա ժամանակաշրջանն անվանել է ամենավտանգավորն իր 35-ամյա զինվորական կարիերայի ընթացքում։

«Չափազանց կարևոր է դաշնակիցների հետ մեկտեղ բարձրացնել մեր զինված ուժերի հնարավորություններն ու մարտունակությունը, որպեսզի հետ պահենք հակառակորդներին անհեռատես ու չմտածված քայլերից»,— նշել է Նայթոնը։

Բրիտանական իշխանությունների այս հայտարարությունները համահունչ են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի զգուշացումներին, ով ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանը կարող է պատրաստ լինել ռազմական ուժ կիրառել դաշինքի երկրների դեմ արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում