Այն, ինչ այսօր տեղի է ունենում Սարյան փողոցի բնակիչների հետ, նույնությամբ կրկնում է 2000-ականների սկզբի Բյուզանդի և Արամի փողոցների պատմությունը։
Այն ժամանակ ևս մարդկանց վտարում էին իրենց տներից՝ պատճառաբանելով, թե քաղաքին «Հյուսիսային պողոտա» է պետք։ Այսօր պատրվակը «Համաշխարհային առևտրի կենտրոնն» է։ Սակայն, եթե նախկինում թալանն իրականացվում էր ստվերային սխեմաներով, ապա այսօր՝ «թավշյա» իշխանության օրոք, ամեն ինչ արվում է բացահայտ, օրինականացված կերպով և հպարտորեն ստորագրվում է «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանի կողմից։
Եվ մինչ Երևանի Սարյան փողոցի բնակիչները դատական քաշքշուկների մեջ են և փորձում են պաշտպանել սեփական տներից վտարման չենթարկվելու իրենց իրավունքը, «Ռենշին» ՍՊԸ-ի ֆինանսական հաշվետվությունները ջրի երես են հանում մի իրականություն, որը դժվար է անվանել այլ կերպ, քան պետական միջոցների հաշվին մասնավոր գրպանների ուռճացում։
Հանրությանը ներկայացվող «Համաշխարհային առևտրի կենտրոն» ծրագրի շքեղ խոստումների քողի տակ գործում է տնտեսական մի պարզ ու անողոք մեխանիզմ։ Ընկերության պաշտոնական փաստաթղթերը ուղղակիորեն ապացուցում են, թե ինչպես է պետական աջակցությունը վերածվում կոնկրետ անձանց անձնական եկամուտի։
Հաշվետվության ուսումնասիրությունը բացահայտում է «Ռենշինի» հարստացման գլխավոր սխեման․ «Եկամուտ պետական շնորհից» տողով 2024 թվականին ընկերության բյուջ է հոսել 2 միլիարդ դրամ։
Ի՞նչ է սա նշանակում։ Պետությունը՝ հարկատուների հաշվին ձևավորված բյուջեից կամ հանրային սեփականություն հանդիսացող գույքային արտոնությունների տեսքով, ահռելի նվիրատվություն է արել մի մասնավոր ընկերության, որի հիմնական գործունեությունը սեփական շահույթի հետապնդումն է։ Այս շնորհը ոչ թե ուղղվել է սոցիալական ծրագրերի կամ հանրային ենթակառուցվածքների, այլ ներարկվել է կապիտալի շուկայի խոշոր խաղացողի հաշվեկշռին։

Փաստաթղթի ամենախոսուն հատվածը «Ընդամենը համապարփակ ֆինանսական արդյունք վերագրելի՝ ընկերության սեփականատերերին» տողն է։
Նշված է, որ 2024 թվականին ընկերության տարեկան ընդհանուր շահույթը կազմել է մոտ 1.9 միլիարդ դրամ։ Արդյունքում՝ պետության տված շնորհի շնորհիվ ձևավորված այդ 1.9 միլիարդ դրամի առյուծի բաժինը՝ 1․87 միլիարդ դրամը, ուղղակիորեն վերագրվել և անցել է ընկերության սեփականատերերին (Արայիկ Կարապետյան, Էդուարդ Մարության)։
Այլ կերպ ասած՝ պետությունը հանրային միջոցներից 2 միլիարդ դրամ է փոխանցել «Ռենշինին», որ ընկերության սեփականատերերը տարեվերջին իրենց գրպանը դնեն գրեթե նույնքան՝ 1.87 միլիարդ դրամի անձնական եկամուտ։ Նկատենք, 2023 թվականին, երբ պետական շնորհ չկար, հիշյալ տողում ընկերությունը զրոյական եկամուտ է ունեցել։
ԱՆԻՖ-ի աղմկահարույց ձախողումներն ու մսխումները, որոնք քննվում են իրավապահների կողմից, այս մեխանիզմի համեմատ թեթև մանկական խաղ են։ Այստեղ նկատելի է համակարգային արտոնության պատկեր, երբ հարկատուների միջոցները ծառայեցվում են մեկ-երկու հոգու գերհարստացմանը։