copy image url
Ներքին 1 շաբաթ առաջ - 15:37 23-05-2026

Չեն դիմում, որովհետև ապագա չեն տեսնում․ բուհական 119 մասնագիտություն՝ առանց դիմորդի

Մերի Հակոբյան

Լրագրող

«Եթե դիմորդ չկա, և այդ մասնագետները չեն պատրաստվում, էլ ինչի՞ համար պահել այդ մասնագիտությունները․ դրանք պետք է կամ միավորվեն, խոշորանան, կամ ընդհանրապես վերանան»․ այսպես է Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար դիմորդների բացակայությունը գնահատում կրթության փորձագետ, երիտասարդական ակումբների դաշնության նախկին տնօրեն Ատոմ Մխիթարյանը։

Հիշեցնենք՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը հայտնել էր, որ Հայաստանի 31 բուհի 119 մասնագիտության համար որևէ դիմորդ չի եղել՝ ներկայացնելով բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման արդյունքները։

Oragir.News-ի հետ զրույցում Մխիթարյանը նշեց, որ խնդրի հիմնական պատճառը տվյալ մասնագիտությունների ոչ արդիական լինելն է և աշխատաշուկայի պահանջներին չհամապատասխանելը։

«Որպես կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող մարդ՝ կարող եմ ասել, որ այն մասնագիտությունները, որոնց դիմորդները չեն ընտրում, հիմնականում հնացած և ոչ արդիական մասնագիտություններ են։ Դրանցով սովորելուց հետո մարդիկ աշխատաշուկայում տեղավորվելու շատ քիչ հնարավորություն են ունենում կամ ընդհանրապես հնարավորություն չեն ունենում»,- ասաց նա։

Փորձագետի խոսքով՝ կրթական քաղաքականությունը չի համադրվում աշխատաշուկայի իրական պահանջների հետ։

«Մեր նախարարությունը որևէ հետազոտություն չի անում, թե 4-6 տարի հետո Հայաստանի աշխատաշուկայում ինչ մասնագետներ են անհրաժեշտ լինելու։ Ամեն ինչ որոշում է աշխատաշուկան, բայց նախարարությունը դրա հետ որևէ կապ չունի»,- նշեց Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին դիմորդների պակաս հատկապես նկատվում է գյուղատնտեսական և ագրարային ոլորտների մասնագիտություններում, ինչը պայմանավորված է նաև պետական քաղաքականությամբ։

«Պետությունը փակել է գյուղատնտեսության նախարարությունը, պետական որևէ կառույց չկա, որը համակարգված զբաղվում է ոլորտով։ Շրջանավարտը մտածում է՝ եթե գնա, սովորի, ավարտի Ագրարային համալսարանը, պետությունը արդյո՞ք իրեն աշխատանքով կապահովի։ Պատասխանը՝ ոչ։ Այդ պատճառով էլ մարդիկ չեն ընտրում այդ մասնագիտությունները»,- ասաց նա։

Միաժամանակ, կրթության փորձագետը զգուշացրեց, որ գյուղատնտեսական ոլորտի նկատմամբ հետաքրքրության անկումը հետագայում կարող է ճգնաժամային հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։

«Սա բերելու է ճգնաժամի մի քանի տարի հետո, որովհետև գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության մեջ էական դեր ունի։ Եթե լավ մասնագետներ չունենանք, տուժելու ենք»,- ընդգծեց նա։

Մխիթարյանի կարծիքով՝ իրավիճակը շտկելու համար պետությունը պետք է ոչ միայն անվճար տեղեր տրամադրի, այլ նաև կրթաթոշակներ սահմանի և մասնավոր հատվածի հետ համագործակցի՝ շրջանավարտների հետագա զբաղվածությունն ապահովելու նպատակով։

«Պետությունը պետք է կրթաթոշակներ տա, խրախուսի ուսանողներին, բայց նաև պայմանավորվածություններ ունենա կազմակերպությունների հետ, որպեսզի այդ մասնագետներին առնվազն 3-5 տարով աշխատանքի ընդունեն։ Միայն այդ դեպքում մեխանիզմը կաշխատի»,- եզրափակեց նա:


Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ