Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 շաբաթ առաջ - 16:00 21-05-2026

Ինչու են թեկնածուները ժողովրդին զզվեցնում ատելության խոսույթով

Թաթուլ Մկրտչյան

Հեղինակ

Ընտրարշավը կարող է նպաստել քաղաքական մտքի զարգացմանը։ Սա այն շրջանն է, երբ քաղաքական ակտորները նոր գաղափարներ, նոր իդեալներ են առաջ քաշում, նոր ծրագրեր են ներկայացնում, որոնք կնպաստեն ազգային խնդիրների լուծմանը, ընդհանուր բարեկեցության բարձրացմանը և այլն։

Հայաստանում պատկերն այլ է։ Ճիշտ է, այստեղ ևս ներկայացվում են ծրագրեր և գաղափարներ, սակայն շեշտը դրվում է ատելության խոսքի վրա։ Կարծես՝ մրցում են, թե ով ում վրա ավելի բարձր կգոռա, կսպառնա, կվիրավորի, կմեղադրի չգործած մեղքերի մեջ։ Ատելության խոսքի չափաբաժնով անմրցելի են ՔՊ-ն և նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։ Ատելության խոսույթի առատության մտահոգիչ խնդիրը քննարկման առարկա է դարձել նաև ՄԻՊ-ի և ՀՀ-ում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության պատվիրակության հանդիպման ժամանակ։ Անահիտ Մանասյանն անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տարածվող խոսքի անթույլատրելի ու ագրեսիվ դրսևորումներին, խտրական և պիտակավորող խոսույթին, դրանց բացասական ազդեցությանը ինչպես հանրային միջավայրի, այնպես էլ մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ամբողջ համակարգի վրա։

Ի՞նչ անել, որ ատելության խոսքը քարոզարշավի ժամանակ պակասի։

Նախ նկատենք, որ ատելության խոսքը վկայում է հասարակության ցածրակարգության մասին։ Այսինքն՝ մարդկանց չեն հետաքրքրում գաղափարները, ծրագրերը, իդեալներն ու արժեքները։ Մարդկանց հուզում է, երբ թեկնածուները միմյանց վատաբանում են, հայհոյում, մեղադրում, հանդիմանում։ Այսպիսի բովանդակությամբ ելույթները հետաքրքիր են քաղաքական ցածր հետաքրքրություններ ունեցող մարդկանց համար։ Եվ երբ թեկնածուները շեշտ են դնում ատելության խոսքի վրա, ապա ակնարկում են, թե հայ ժողովուրդը քաղաքական առումով ցածրակարգ է։ Ժողովուրդն էլ համապատասխանաբար զզվում է նրանցից, որոնք իրենց ասելիքը թողած՝ ուրիշի մասին վատ բաներ են խոսում, ատելություն ու մաղձ շաղ տալիս, ակնակելով, թե ժողովրդին դա է հետաքրքիր։

Այս տեսանկյունից ողջամիտ կասկած կա, որ նման իրավիճակը ձեռնտու է չբարեկամներին, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի անկախության փաստը, ազգային իրավունքները։ Նրանք կարող են մատնացույց անել այս պատկերն ու ասել, որ հայերն անկախություն չեն ուզում, ժողովրդավարության համար խակ են, ցածրակարգ, անկիրթ, անդաստիարակ հանրույթ են, դրանց սա էլ է շատ։ Օրինակ՝ 1878-ին Բեռլինի կոնգրեսում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Գորչակովն ու նրա տեղակալ Շուվալովը վետո դրեցին Հայաստանի ինքնավարության հարցն օրակարգում ներառելու վրա՝ պատճառաբանելով, որ հայերն անկախություն, ինքնավարություն չեն ուզում, սոցիալական մանր խնդիրներ ունեն, որոնք կարելի է լուծել առանց նրանց անկախություն տալու։

Նույն կասկածն առաջանում է հիմա։ Տպավորություն է, թե չբարեկամների դրդմամբ են երկրորդվում ազգային ծրագրերը և առաջ մղվում ատելության խոսույթը։ Ինչքան շատ ատելություն ու ցեխ շպրտեն մեր կուսակցությունները միմյանց վրա, այնքան հիմնավոր կլինեն չբարեկամների պնդումները հայ ժողովրդի ցածրակարգության վերաբերյալ, որն անկախության արժանի չէ։

Մեկ այլ վարկածով էլ ենթադրելի է, որ միմյանց վատաբանող թեկնածուները փորձում են ուշադրություն սևեռել միմյանց վրա՝ տպավորություն ստեղծելով, թե միմյանց դեմ լուրջ, անհաշտ պայքար են մղում։ Այսպես ստեղծում են երկընտրանքի պատրանք՝ ուշադրությունից դուրս թողնելով մյուս մրցակիցներին։

Ի վերջո՝ ատելության խոսույթի գերազանցումը հակաքաղաքակրթական և հակաժողովրդավարական է, ինչի մասին ընդգծել է նաև ՄԻՊ-ը հիշյալ հանդիպման ժամանակ։ ՔՊ-ականներն ու Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև նրանց հիմնական մրցակիցները, այս պարզ բանը չեն հասկանո՞ւմ։ Ինչո՞ւ են նրանք միտումնավոր խախտում մարդու իրավունքներն ու ժողովրդավարական նորմերը։ Մի՞թե հաղթելու համար պարտադիր է սպառնալ, վիրավորել, չապացուցված մեղադրանքներ հասցեագրել միմյանց։

Կարճ ասած՝ քարոզարշավի ժամանակ ատելության խոսույթը մեր հասարակության դեմքն է։ Եթե թեկնածուները միտումնավոր գործում են պետության ու ժողովրդի դեմ, ապա կարող են շարունակել նույն տոնով՝ հաստատ իմանալով, որ ժողովրդի մեծ մասը այդ խոսքը լսելիս զզվանք է զգում։ Իսկ եթե մեջները մի քիչ էլ ազգի մասին մտածողներ կան, ապա այնպես կանեն, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները զարմանան, թե որքան բարեկիրթ և առանց ատելության քարոզարշավ էին վարում կուսակցությունները հունիսի 7-ի ընտրություններում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել