Տարիներ շարունակ Հայաստանում իշխանափոխության ձգտող Նիկոլ Փաշինյանի գլխավոր խոստումն այն էր, որ օրենքի առաջ բոլորի հավասար կլինեն, իսկ կոռուպցիան արմատախիլ կարվի, սակայն մերօրյա իրականությունը «մի փոքր» այլ է։
«Դատալեքս» համակարգն ուսումնասիրելով՝ տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում հակակոռուպցիոն համակարգը վերածվել է ընտրողական արդարադատության գործիքի, որտեղ գործերը հարուցվում կամ դարակներից «հանվում են»՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։
Դրա վառ ապացույցն է Լոռու նախկին մարզպետ և Ալավերդու նախկին քաղաքապետ, ներկայումս ընդդիմադիր հայանցքներ ունեցող Արթուր Նալբանդյանի ու «Վալլեքս» խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի դեմ հարուցված սկանդալային գործը, որի հիմքում ընկած է հեռավոր 2000֊ականներին տեղի ունեցած ենթադրյալ ապօրինի մի հողհատկացում։ Փորձեցինք հասկանալ՝ ի՞նչ է ընկած այս գործի հիմքում և ինչո՞ւ են այն միայն հիմա՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, օրակարգ բերվել։

«Դատալեքս»-ում առկա տվյալներից պարզ է դառնում, որ գործն առնչվում է Ալավերդի քաղաքի մարզադաշտի և ճոպանուղու հողատարածքների սեփականաշնորհմանը։ Ըստ մեղադրանքի՝ 2006 թվականին Ալավերդու այն ժամանակվա քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, պաշտոնեական լիազորությունները չարաշահելով, տրամադրել է տեղեկանք, ըստ որի՝ այդ հողերը չեն հանդիսանում օրենքով մասնավորեցման ոչ ենթակա տարածքներ։
Այդ փաստաթղթի հիման վրա «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը հետագայում ստացել է հողերի սեփականության իրավունքի գրանցում։ Քննիչների վարկածով՝ հողերը իրականում եղել են ընդհանուր օգտագործման և ինժեներատրանսպորտային նշանակության տարածքներ, որոնք չէին կարող օտարվել, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է շուրջ 11 միլիոն դրամ վնաս։
Վալերի Մեջլումյանին մեղադրում են այն բանում, որ նա՝ որպես «Վալլեքս» խմբի իրական շահառու, շահագրգռված լինելով հողերի սեփականաշնորհմամբ, դրդել է Նալբանդյանին տրամադրել համապատասխան փաստաթուղթը։ Մեղադրանքում առանցքային կետն այն է, որ Վալերի Մեջլումյանը, օգտագործելով իր անձնական կապերն ու մեծ հեղինակությունը, փաստացի տեղական իշխանությանը դրդել է սեփականաշնորհել իր վարձակալած հանրային գույքը։ Մեկ ստորագրությամբ մարդկանց զրկել են մարզադաշտից և համայնքային կենսական ենթակառուցվածքից, իսկ պետական կադաստրն էլ հլու-հնազանդ կնքել է այս ապօրինությունը։
Մեղադրական եզրակացությունից հարց է առաջանում՝ եթե համայնքային սեփականության «անօրինական» սեփականաշնորհումը տեղի է ունեցել շուրջ երկու տասնամյակ առաջ, ինչո՞ւ է իրավապահ համակարգը հիմա հիշել դրա մասին, արդյոք պատճառն այն չէ՞, որ Արթուր Նալբանդյանը դրսևորում է ընդդիմադիր վարքագիծ։ Սա ակնհայտորեն վկայում է այն մասին, որ հին «մեղքերը» պահվում են որպես քաղաքական մտրակ՝ անհնազանդներին պատժելու և լռեցնելու համար։
Այս գործը ևս մեկ անգամ ապացուցում է, որ գործող իշխանության օրոք դատական համակարգը դարձել է պատժիչ գործիք։ Մինչ ընդդիմադիր հայացքներ ունեցող նախկին թե ներկա գործիչները դատվում են տասնամյակների վաղեմության գործերով, իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայիս հովանավորներն ու աջակիցները վայելում են բացարձակ անձեռնմխելիություն։ Նման եզրակացության ենք գալիս՝ հիմք ընդունելով այն իրողությունը, որ «Դատալեքս» համակարգում իշխանության որևէ աջակցի վերաբերյալ որևէ վարույթ չկա։
Այսպիսով՝ գործի առանցքում ոչ միայն մեղադրանքի բովանդակությունն է, այլև վաղեմության խնդիրը։
Oragir.News-ը «Վալլեքս» խմբի ղեկավարից ևս փորձեց մենկաբանություն ստանալ՝ մասնավորապես ինչո՞ւ են իրավապահները հիշել 2 տասնամյակի վաղեմություն ունեցող գործը, ի՞նչ նպատակ է հետապնդում, սակայն գրասենյակից հորդորեցին հարցերն ուղարկել գրավոր և նշել, թե ինչո՞ւ է թեման մեզ հետաքրքրում։
Արթուր Նալբանդյանը ևս անպատասխան թողեց մեր հարցադրումները։ Հավելենք, որ գործը քննվում է Հակակոռուպցիոն դատարանում։ Վալերի Մեջլումյանի և Արթուր Նալբանդյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք, սակայն վերջնական դատական ակտ դեռևս չկա։ Հավանաբար, այս գործի ելքը թերևս մեծապես կախված կլինի առաջիկա վերադասավորումներից․․․
Հասմիկ Մովսիսյան