copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 12:16 02-05-2026

Ողջունում ենք ԵԽ բանաձևում Արցախի ժողովրդի իրավունքների ներառումը․ Արցախ Միություն

Արցախ Միությունը ողջունում է ապրիլի 30-ին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի իրավունքների վերաբերյալ կարևորագույն դրույթների ներառումը, որոնք առնչվում են վերադարձին, մշակութային ժառանգության պաշտպանությանը, պատասխանատվության միջոցների կիրառմանը և պատանդների ազատ արձակմանը (12-րդ և 13-րդ հոդվածներ): Այս մասին հայտարարությունը զետեղված է «Արցախ միության» ֆեյսբուքյան էջում։

«Մենք առանձնացնում ենք հատկապես հետևյալ դրույթները՝

«Վերահաստատում է իր աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներին, ներառյալ՝ նրանց ինքնության, գույքի և մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև համապատասխան միջազգային երաշխիքներով անվտանգ, անարգել և արժանապատիվ վերադարձի նրանց իրավունքը»:

«Կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման մեղավորներին և միջազգային գնահատման առաքելություն կազմակերպել»:

«Դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, կալանավորների և պատանդների անարդարացի ազատազրկումը. պահանջում է նրանց անհապաղ և անվերապահ ազատում»:

«Նկատի է առնում մինչ այժմ ձեռնարկված քայլերը և կոչ է անում հետագա վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել. կոչ է անում լիովին հարգել միջազգային մարդասիրական իրավունքը և մարդու իրավունքները»:

Արցախ Միությունը բարձր է գնահատում Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ու խմբակցությունների հետևողական ու սկզբունքային դիրքորոշումը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, որն արտահայտվում է վերջին տարիներին ընդունված բանաձևերում՝ նույնիսկ կառավարությունների դիրքորոշումների կտրուկ փոփոխության պայմաններում: Եվրոպական խորհրդարանի բանաձևերը հստակ ուղենիշներ են Եվրոպական Միության և նրա անդամ երկրների գործադիր իշխանությունների համար, որոնք բացարձակապես անտեսում են Արցախի ժողովրդի իրավունքները՝ իրենց աշխարհաքաղաքական շահերի նեղ ընկալումներից ելնելով:

«Այս բանաձևը կարևոր ազդակ է մեր ժողովրդի համար, որ մենք ամբողջապես մոռացված չենք միջազգային հանրության կողմից և ունենք արժեքահեն բարեկամներ, որոնք շարունակում են աջակցությունը մեր հավաքական ու անհատական իրավունքներին: Հույս ունենք, որ մայիսի 4-5-ը Երևանում տեղի ունենալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և ԵՄ-Հայաստան 1-ին գագաթնաժողովի ժամանակ Եվրոպական Միության և անդամ պետությունների ղեկավարները հաշվի կառնեն ԵԽ վերջին բանաձևը և դրանից բխող գործողություններ ու հայտարարություններ կկատարեն»,- նշել է Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը:

Մենք շեշտադրում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն ու ժողովրդավարական զարգացումն անհնար են, քանի դեռ չեն վերականգնվել ու պաշտպանվել Արցախի ժողովրդի իրավունքները և արմատախիլ չի արվել հայատյացության պետական քաղաքականությունը Ադրբեջանում»,- գրված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ