«Մայր Հայաստան» խմբակցության և Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ հանրային տրանսպորտում տեղի ունեցած հերթական աղմկահարույց միջադեպին, երբ վարորդի և անչափահաս ուղևորի միջև վիճաբանություն էր ծագել՝ չվճարված ուղեվարձի պատճառով։
Աղեկյանի խոսքով՝ դեպքի մասին տեղեկացել է քաղաքացիներից ստացած տեսանյութից ու պատմություններից։ Նրա փոխանցմամբ՝ խոսքը դպրոցահասակ երեխայի մասին է եղել, որը չի վճարել ուղեվարձը, ինչից հետո վարորդը պահանջել է վճարում կատարել կամ իջնել ավտոբուսից։
«Երեխան չի կարողացել վճարել, սկսել է լացել։ Ասել է, որ ամաչում է։ Վարորդը պնդել է՝ կամ վճարի, կամ իջնի։ Արդյունքում երեխան հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել»,- նշել է նա։
Աղեկյանի կարծիքով՝ խնդիրը կոնկրետ վարորդի մեջ չէ, այլ քաղաքային իշխանությունների վարած քաղաքականության։ Նրա խոսքով՝ վարորդներին փաստացի պարտադրում են նաև հսկիչի գործառույթներ իրականացնել, ինչը նրանց պաշտոնական պարտականությունների մեջ չի մտնում։
«Ես չէի ցանկանա մեղադրել միայն վարորդին։ Մեղավորը քաղաքային իշխանություններն են, որոնք հրահանգել են՝ եթե չեն վճարում, ուրեմն չպետք է օգտվեն ծառայությունից։ Այս իրավիճակում վարորդներին դնում են քաղաքացիների հետ կոնֆլիկտի մեջ»,- ասաց նա։
Նա ընդգծեց, որ հանրային տրանսպորտը սոցիալական ծառայություն է և պետք է հասանելի լինի բոլոր քաղաքացիներին՝ անկախ սոցիալական վիճակից։
«Մենք բոլորս վճարում ենք նաև նրա համար, որ կարիք ունեցող քաղաքացին կարողանա օգտվել տրանսպորտից։ Ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու հատկապես կենսաթոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց կամ անչափահասների տեղաշարժի իրավունքը»,- նշեց Աղեկյանը։
Խոսելով ուղեվարձի թանկացման մասին՝ նա հիշեցրեց, որ նախկինում տրոլեյբուսի ուղեվարձը 50 դրամ էր, ավտոբուսինը՝ 100 դրամ, իսկ այժմ դարձել է 150 դրամ։
«Սա քաղաքացիների պայքարի շնորհիվ է, որ 300 դրամը դարձավ 150 դրամ։ Սակայն անգամ այս թանկացումից հետո ծառայության որակը չի բարելավվել։ Մարդիկ կանգառում սպասում են անձրևի ու արևի տակ, ավտոբուսները գալիս են 40-50 րոպե ուշացումով, ժամանակացույցերը հաճախ չեն համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։
Աղեկյանի խոսքով՝ քաղաքային իշխանությունները չեն իրականացրել համակարգային բարեփոխումներ՝ չկան բավարար կանգառասրահներ, էլեկտրոնային ցուցատախտակներ, բավարար քանակի ավտոբուսներ, իսկ որոշ թաղամասերում երթուղիները բավարար չափով չեն սպասարկվում։
Նրա կարծիքով՝ ստեղծված իրավիճակը նաև հասարակության ներսում լարվածություն է առաջացնում։
«Մարդկանց բաժանել են վճարողների և չվճարողների։ Վարորդներին լարում են քաղաքացիների դեմ, քաղաքացիներին՝ վարորդների դեմ։ Սա ատելության մթնոլորտ է ստեղծում»,- նշել է նա։
Վերջում Սոնա Աղեկյանը կոչ է արել վարորդներին չտրվել ճնշումներին և չստեղծել կոնֆլիկտային իրավիճակներ ուղևորների հետ, հատկապես երեխաների դեպքում։
«Երբ տեսնում են, որ երեխան գումար չունի, չպետք է նրան սթրեսի ենթարկեն 150 դրամի համար։ Հակառակ դեպքում Երևանում հանրային տրանսպորտից օգտվելը կդառնա կյանքի ու մահվան պայքար»,- եզրափակել է նա։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել «Երևան ավտոբուս» ընկերության պատասխանատուների հետ, պարզելու, թե վարորդը կարգապահապական պատասխանատվության ենթարկվե՞լ է երեխայի վրա հարձակվելու համար։ Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Մերի Հակոբյան