copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 11:38 25-04-2026

Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ

Արցախի խորհրդանիշ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է հիմնահատակ ոչնչացման վտանգի տակ։ Այս մասին ահանզանգում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը։

«Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը, որը հայտնի է նաև որպես «Տատիկ-պապիկ» (արևմտահայերեն՝ Մամիկ և Պապիկ), հայկական ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության խորհրդանշական կոթողներից է։ Այն ստեղծվել է 1967 թվականին՝ քանդակագործ Սարգիս Բաղդասարյանի և ճարտարապետ Յուրի Հակոբյանի կողմից։ Կարմիր տուֆից կերտված, շուրջ 9 մետր բարձրությամբ այս հուշարձանը տեղադրված է բլրի գագաթին՝ խորհրդանշելով արցախյան հողի և ժողովրդի միջև անքակտելի, արյունակցական կապը։

Քանդակը ներկայացնում է ավանդական տարազով տարեց արցախցի ամուսինների՝ ուս-ուսի կանգնած, հպարտ ու անսասան կեցվածքով։ Այն չունի պատվանդան, կարծես բխում է հենց հողից՝ մարմնավորելով ժողովրդի խոր արմատներն ու անքակտելի կապը հայրենիքի հետ։ Պատահական չէ, որ այս ստեղծագործությունը միջազգային հարթակներում ևս արժանացել է բարձր գնահատականի՝ ներկայացվելով իտալական Կարարա քաղաքում կազմակերպված հեղինակավոր ցուցահանդեսում և ճանաչվելով որպես համաշխարհային մշակութային արժեք։

Սակայն հուշարձանի պատմությունը չի սահմանափակվում միայն մշակութային ձեռքբերումներով։ Դեռևս խորհրդային տարիներին այն բախվել է քաղաքական դիմադրության՝ Սովետական Ադրբեջանի ղեկավարության բացահայտ ընդդիմության պայմաններում։ Չնայած այդ ճնշումներին, հուշարձանը կանգնեցվեց՝ դառնալով ոչ միայն արվեստի, այլև դիմադրության խորհրդանիշ։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններից և դրան հաջորդած Արցախի ամբողջական բռնազավթումից ու արցախաայության բռնի տեղահանումից ընդամենը օրեր անց՝ սեպտեմբերի 29-ին, ադրբեջանական ուժերը Ստեփանակերտի բռնազավթման օրը հուշարձանի վրա տեղադրեցին Ադրբեջանի դրոշը՝ ցուցադրաբար ոտնահարելով դրա պատմամշակութային նշանակությունը։

2024 թվականի նոյեմբերին սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներն ու տեսանյութերը փաստեցին նորանոր վանդալիզմի դեպքեր․ հուշարձանի ինչպես առջևի, այնպես էլ հետևի հատվածներում արձանագրվել են վնասներ և հայատյաց, վիրավորական գրություններ։ Վնասվել է նաև հուշարձանի շրջակայքը։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում ակտիվորեն շրջանառվում են հուշարձանի ամբողջական ոչնչացման վերաբերյալ հայտարարություններ։

Հատկանշական է, որ նմանատիպ սցենար արդեն իսկ կիրառվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի նկատմամբ, որոնց ավերմանը նախորդել էին նույնաբովանդակ քարոզչական հրապարակումներ։ Այս հանգամանքը հիմնավոր մտահոգություն է առաջացնում, որ «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը կանգնած է նույն ճակատագրի առջև։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը