copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 18:22 13-04-2026

1 մլն 170 հազար դրամ աշխատավարձ ստացող վարորդներ կան․ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պարզաբանումը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ տրանսպորտային ճգնաժամում հայտնված Երևանում տուժում են միայն վարորդներն ու ուղևորները, իսկ շահող է դուրս գալիս «Երևանի ավտոբուս» ՓԲԸ ադմինիստրացիան։ Հայտնել էինք, որ ՓԲԸ-ի տնօրենը ստանում է 1 մլն 200.000 աշխատավարձ, ինչը վարորդների վարձատրությունից եռակի անգամ բարձր է։

Մեր հրապարակումից հետո «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից կապ հաստատեցին Oragir.News-ի խմբագրություն՝ տեղեկացնելով, հրապարակման մեջ ներկայացված հաստիքացուցակները, սակայն դրանք որոշակի թյուրըմբռնման տեղիք են տվել, քանի որ դրանցում ներառված չեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հավելումները, որոնք, առաջին հերթին վերաբերում են հենց վարորդներին։

«Մասնավորապես, նշված է, որ վարորդները ստանում են 200․000-550․000 դրամ աշխատավարձ, ինչը հղում է տրված հաստիքացուցակին, սակայն 200․000 դրամ աշխատավարձ ստացող վարորդ չկա ընկերությունում։ Նշված հաստիքի աշխատակիցները ոչ թե հանրային տրանսպորտի, այլ ավտոբուսների կայանման վարորդներն են, որոնք աշխատում են հավաքակայանների տարածքում։

Մյուս կողմից, հաստիքացուցակում նշված աշխատավարձերի չափերը կոնկրետ վարորդների դեպքում վերաբերում են միայն հաստիքային աշխատավարձերին։ Մասնավորապես, ըստ հաստիքացուցակի՝ 12 մ ավտոբուսների վարորդների աշխատավարձը 550․000 դրամ է, սակայն օրինակ 2026 թ․ առաջին եռամսյակում այդ նույն ավտոբուսների վարորդների ստացած միջին աշխատավարձը եղել է 833․000 դրամ, իսկ մարտ ամսին 12 մ ավտոբուսի վարորդ է եղել, որ ստացել է 1․060․000 դրամ։ Այդպիսի դեպքերը շատ են։

Նույնը նաև մյուս մակնիշի ավտոբուսների դեպքում՝

8․6 մ ավտոբուսի վարորդներ՝ ըստ հաստիքացուցակի՝ 420․000 դրամ, 2026 թ․ առաջին եռամսյակում, սակայն, այդ ավտոբուսների վարորդների ստացած միջին աշխատավարձը՝ 645․000 դրամ է, իսկ մարտ ամսին եղել են 8․6 մ ավտոբուսի վարորդներ, որ ստացել են 840․000 դրամ։

Փոքր դասի միկրոավտոբուսի վարորդներ՝ ըստ հաստիքացուցակի՝ 300․000 դրամ, 2026 թ․ առաջին եռամսյակում ստացած միջին աշխատավարձերը՝ 380․000 դրամ, մարտ ամսին եղել են անգամ 556․000 դրամ ստացող վարորդներ։

7․7 մ ավտոբուսի վարորդներ՝ մեկ ժամվա համար վարձատրման չափը՝ 1800 դրամ՝ ըստ հաստիքացուցակի, 2026 թ․ առաջին եռամսյակում ստացած միջին աշխատավարձերը՝ 774․000 դրամ, մարտ ամսին եղել են 1․170․000 դրամ աշխատավարձ ստանալու դեպքեր»,- ասվում է պարզաբանման մեջ։
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից մեզ տեղեկացրել են նաև, որ բացառությամբ 7․7 մ ավտոբուսների, մյուս տրանսպորտային միջոցների վարորդների աշխատանքը սահմանված է աշխատանքային գրաֆիկով՝ մեկօրյա աշխատանք, մեկօրյա հանգիստ սկզբունքով։

Oragir.News-ը ողջունում է, որ Երևանում հանրային տրանսպորտն այնքան է բարելավվել, որ կան այնպիսի վարորդներ, ովքեր 1 մլն 170 հազար դրամ աշխատավարձ են ստանում։

Միևնույն ժամանակ հիշյալ վարորդներին առաջիկա օրերին՝ իրենց հարմար ժամին, հրավիրում ենք մեր տաղավար, որպեսզի վերջիններս մեր հանրության հետ կիսվեն իրենց հաջողության պատմությունով։ Չենք բացառում, որ այդ հարցազրույցներից հետո Երևանի քաղաքապետարանի առաջ հերթեր կգոյանան, և համապատասխան վարորդական իրավունք ունեցող քաղաքացիները, իրար հերթ չտալով, կխնդրեն իրենց աշխատանքի ընդունել՝ 1 մլն 170 հազար դրամ աշխատավարձով։

Միգուցե այս հարցազրույցներն այնքան ոգևորիչ լինեն, որ մեր խմբագրությունում գտնվեն այնպիսի աշխատակիցներ, ովքեր աշխատանքից դուրս կգան, կգնան համապատասխան դասընթացների ու քննությունները բարեհաջող հանձնելուց հետո իրենք ևս աշխատանքի կանցնեն՝ որպես ավտոբուսի վարորդ։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան