Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:29 30-03-2026

Եթե չլինեին լրագրողները, դուք իշխանության չէիք գա, սա միշտ հիշեք. Հռիփսիմե Ջեբեջյանը՝ Փաշինյանին

Լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հրապարակել՝ հասցեագրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Դուք հայտարարեցիք, որ լրագրողները ձեզ են ընտրելու, հակառակ դեպքում գործազուրկ են դառնալու ու օրվա հացը վաստակեն ֆայլաբազարում։ Լրագրողներից մեկին էլ ասացիք․ «Դուք հիմա լրագրող եք աշխատում, որովհետեւ ես վարչապետ եմ, երբ չլինեմ, 4 ժամ հետո աշխատանք չեք ունենալու, գալու են ձեր հեռախոսը, ժամացույցն էլ են ձեռքներիցդ հանելու»։ Այս խոսքը ինձ չէր ուղղված, բնականաբար, այնպես չի, որ դա ընդունել եմ իմ հասցեին ու վիրավորվել։

Բայց հարկ եմ համարում մի քանի բան ձեզ հասցնել։ Եթե ձեզ համար լրագրությունը փող աշխատելու համար է եղել, կոնկրետ ինձ համար լրագրությունը փողի մասին չէ, ցանկացած այլ ոլորտում մենք շատ ավելի մեծ գումար կարող էինք վաստակել, քան լրագրության մեջ՝ 24 ժամ աշխատելով, ընտանիքից, ընկերներից, հարազատներից կտրվելով, անձնական կյանքը մի կողմ թողնելով։ Լրագրությունը սիրո եւ անսահման նվիրվածության մասին է, անձնազոհության։

Իսպանացի մի լավ գրող կա՝ Կամիլո Խոսե Սելա, ասում է՝ «եթե գրողը պատրաստ չի սովից մեռնել, պիտի իր գործը փոխի»։ Ես պատրաստ եմ ոչ թե ֆայլաբազարում աշխատել, այլ սովից մեռնել՝ լինելով լրագրության մեջ, որովհետեւ դա ինձ համար երջանկություն է, սիրած աշխատանք ու կենսակերպ, դրանով ո՛չ հաթաթա կարող եք տալ, ո՛չ էլ վախեցնել։

Լրագրությունը ինձնից տարել է շատ թանկարժեք բաներ կյանքում՝ իմ երեխաների մանկությունը, որը չեմ հասցրել վայելել պատշաճ, ծնողական ժողովների գնալն անգամ ինձ համար մեծ ճոխություն է ու անձնական ուրախություն, որովհետեւ կարեւորել ու կարեւորում եմ այդ պահին որեւէ քաղաքացու բողոքը լուսաբանելը, ավելի առաջնային եմ համարում մարդկանց խնդիրների լուծման հետեւից գնալը, քան անձնական քեֆերն ու հարմարավետությունը։ Սա ասում եմ, որովհետեւ դուք եւ ձեր թիմակիցները աջուձախ պախարակում եք լրագրողներին, սեւացնում, անվանարկում՝ գետնին հավասարեցնելով էն ահռելի զոհողությունները, որ ունենում են լրագրողները ամեն օր իրենց աշխատանքում՝ ցույցերին իրենց կյանքը վտանգելով, արտակարգ իրավիճակներում աշխատելով, գիշեր–ցերեկ չունենալով։

Եթե չլինեին լրագրողները, դուք իշխանության չէիք գա, սա միշտ հիշեք։

Ես հասկանում եմ ինչի եք ամբողջ թիմով նախաձեռնել այս արշավը լրագրողների դեմ։ Որեւէ իշխանություն չի սիրել լրագրողներին ու մեզ պետք չի սիրել։ Բայց փորձել մեզ հեղինակազրկել, մեր ձայնը լռեցնել չի հաջողվել որեւէ իշխանության, ձեզ էլ չի հաջողվելու։

Լրագրողները նաեւ նրա համար են, որ իշխանավորներին, որոնք սոսնձվել են աթոռներին ու մոռացել են իրենք ովքեր են, իջեցնեն հողի վրա։ Դա օգտակար է նախեւառաջ ձեզ։

Նախկինների ժամանակներից լրագրող՝ Հռիփսիմե Ջեբեջյան
30.03.2026թ․

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից