copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 18:20 21-03-2026

Փաշինյանը չի վստահում շրջապատին. 37 թիվը կթակի նաև ՔՊ-ականների դռները

Հոգեկան անառողջ դրսևորում է, երբ մարդը ոչ ոքի չի վստահում։ Նրան թվում է, թե ընկերները, մերձավորները իրեն խաբում են կամ ուզում են խաբել, ինչ-որ կարևոր բան են թաքցնում իրենից։ Այս զգացումները սրվում են, երբ մարդը բարձր պաշտոն կամ դիրք է զբաղեցնում։ Այս ախտով տառապում են բռնապետները։

Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին հայտնել է, որ Կառավարման ակադեմիայում մասնակցել է 5-րդ դասի։ Հրապարակված տեսանյութում երևում է, որ գրատախտակին գրված է «Էմպատիա», այսինքն՝ 5-րդ դասն այդ մասին է եղել։

Ինչո՞ւ է Փաշինյանն էմպատիայի դաս անցնում։ Ի՞նչ խնդրի է նա բախվել, որ այս գիտելիքը կենսական է դարձել նրա համար։

Էմպատիան կամ ապրումակցումը անձի ունակությունն է՝ հասկանալու ուրիշի հոգեվիճակները և ապրումակցվելու նրա հետ։ Համապատասխանաբար՝ էմպատն այն մարդն է, ում մեջ զարգացած է ապրումակցելու ունակությունը, որը հաղորդակցման ընդունակության անհրաժեշտ բաղադրիչն է։ Էմպատները մարդիկ են, որ ունակ են զգալ այն, ինչ մեծամասնությունը չի կարող զգալ։ Հին դարերում էմպատիայի մասին գիտելիքը ներառված էր Հռետորություն առարկայի, հետո Ներդաշնակության առարկայի ծրագրերում։ Այս գիտելիքն անհրաժեշտ էր հռետորին, ղեկավար դիրք ունեցողին, կառավարիչին։

Էմպատիայի ունակությունը հնարավոր է զարգացնել հոգեբանական խորհուրդներով։ Հոգեբանները ապրումակցելու խնդիր ունեցողներին սովորեցնում են, թե ինչպես ապրումակցել, հասկանալ, թե ինչ է զգում իր մերձավորը, ընկերը։ Էմպատիայի կարիք ունեն նրանք, որոնց մոտ մարդկային հարաբերությունների ճգնաժամ կա, դժվարանում են շփվել, հասկանալ ընտանիքի անդամին, ընկերներին, գործընկերներին և այլն։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Փաշինյանն ընտանեկան կամ աշխատանքային միջավայրում ներդաշնակ շփման խնդիրներ ունի։ Ուստի մերձավորին, գործընկերոջը զգալու ու հասկանալու ունակությունը զարգացնելը կարող է նպաստել մարդկային հարաբերությունների ճգնաժամի հաղթահարմանը։ Նկատենք, որ ամուսնալուծությունների մի մասն այսօրինակ ճգնաժամի հետևանք է, երբ մարդիկ միմյանց չեն զգում ու չեն հասկանում։ Բիզնեսի հետընթացի պատճառների շարքում ևս մարդկային հարաբերությունների ճգնաժամն է։

Մեկ այլ վարկածով՝ էմպատի ունակությունը զարգացնելը Փաշինյանի համար կենսական է դարձել քաղաքական կոնկրետ նպատակով։ Նա ակտիվ քարոզարշավ է վարում, ամեն շաբաթ ու կիրակի գործընկերների հետ գնում է գյուղեր, զրուցում բնակիչների հետ։ Տրամաբանական է, որ անծանոթների հետ զրույցների ժամանակ հնարավոր են թյուրըմբռնումներ։ Ու կարող է տպավորություն ստեղծվել, թե Փաշինյանը չի հասկանում գյուղացու դարդուցավը։ Ենթադրաբար, այս բացը լրացնելու համար է նա զարգացնում էմպատի ունակությունը, որ լավ հասկանա իր հետ շփվող մարդկանց։

Այս ունակությունը կբարձրացնի նրա ու պոտենցիալ ընտրողի փոխըմբռնման մակարդակը։ Հնարավոր է նաև, որ նա ակադեմիայում ստացած գիտելիքի հիմքով սոցիումի հետ ներդաշնակության հասնելու կարողություն զարգացնի, ինչը նույնպես կնպաստի նրա վարկանիշի աճին։

Կա նաև ողջամիտ մտավախություն, որ իշխանությունը բացասաբար է ազդում Փաշինյանի վրա։ Նա մեծամտանում է, ատելությամբ ու արհամարհանքով է վերաբերվում մարդկանց, երևակայում է, թե անխոչընդոտ ընտրվելու է հունիսի 7-ին։ Որոշ քննադատների կարծիքով՝ նրա մոտ ի հայտ են գալիս բռնապետին բնորոշ հատկանիշներ, որոնցից ամենասարսափելին, կրկնենք, բոլորի և ամեն ինչի վրա տարածվող կասկածամտությունն է, որը հոգեկան խանգարում է։

Այսպիսի ախտով տառապել են Ստալինը, Հիտլերը, Մաոն, ներկաներից՝ Պուտինը, Լուկաշենկոն և այլք։ Հաշվի առնելով, որ Փաշինյանը հաճախ է շփվում վերջիններիս հետ, ենթադրելի է, որ նրանցից էլ վարակվել է այս հիվանդությամբ և սկսել է կասկածել բոլորին, բոլորը նրա աչքին սրիկա, ռուսական էմիսար, հիբրիդային սպառնալիք ու Կրեմլի ագենտ են երևում։ Այս առումով՝ ենթադրելի է, որ նա էմպատի ունակություն է զարգացնում, որ տպավորություն ստեղծի, թե իսկապես զգում ու հասկանում է դիմացինին։

Վերջին շրջանում որոշ ընդդիմադիրներ ակնարկում են, թե ՔՊ-ի շարքերում համախոհներ ունեն։ Այս առումով՝ ենթադրելի է, որ Փաշինյանը էմպատի ունակություն է զարգացնում, որ բացահայտի իր դեմ հյուսվող դավադրություններում ներգրավված ՔՊ-ականներին, արագ մերկացնի ու խստորեն պատժի նրանց, որոնք ճամբարափոխ կլինեն, կանցնեն մրցակիցների շարքերը։

Պատկերավոր ասած՝ ողջամիտ կասկած կա, որ առաջիկայում 37 թիվը կթակի նաև ՔՊ-ականների դռները, քաղաքական հետապնդումների կենթարկվեն նրանք, որոնք հուզվել են՝ առանց Փաշինյանի հրահանգի։ Առավել խիստ կպատժվեն նրանք, որոնք կմտածեն հունիսի 7-ին հնարավոր պարտության և ընդդիմություն դառնալու հեռանկարի մասին։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը

Ձեզ գուցե հետաքրքրի