Ներքին 4 ամիս առաջ - 12:13 19-03-2026

Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Աննա Վարդապետյան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով, 7090 քմ մակերեսով անշարժ գույքը Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմությանը, ինչպես նաև 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների մանրամասներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություններին և Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքներին:

Աննա Վարդապետյանը, մասնավորապես, նշել է.

«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 27-ին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է գրանցվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 107 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 417 միլիոն 659 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 7090 քմ մակերեսով (0,709 հա) հողամասի նկատմամբ: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության՝ այս գույքի վերաբերյալ հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից բավարարվել էր 2025 թվականի մարտի 7-ի վճռով:

Դատախազությունը դատարանից հայցել էր անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի և ֆիզիկական անձի միջև 2005 թվականի հուլիսի 21-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետևանքներ: Ամփոփելով նշեմ, որ Կառավարության նախորդ որոշումներով՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 5 հողամաս է ամրացվել Շրջակա միջավայրի նախարարությանը: Այսպիսով, այսօրվա դրությամբ Շրջակա միջավայրի նախարարությանն է ամրացվել Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ ընդհանուր 3 միլիարդ 381 միլիոն 573 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, շուրջ 7.5 հա մակերեսով 6 հողամաս»:

Անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով հաշտության 10-րդ համաձայնությանը՝ Աննա Վարդապետյանը տեղեկացրել է, որ դատարանի կողմից հաստատված հաշտությանը համաձայնությունը, որն օրինական ուժ կստանա 2026 թվականի ապրիլին, վերաբերում է Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի Քանաքեռավան գյուղում գտնվող շուրջ 20.6 հա մակերեսով, 323 միլիոն 800 հազար դրամ միջին շուկայական արժեքով գույքին:

«Գլխավոր դատախազությունը 2023 թվականի օգոստոսի 29-ին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի և նրա կնոջ: Հիշեցնեմ, որ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթը՝ դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնվել 2025 նոյեմբերի 6-ին: Հայցապահանջում ներառված մյուս գույքերի բռնագանձման պահանջի մասով քաղաքացիական գործի քննությունը շարունակվում է»,- նշել է հանրապետության գլխավոր դատախազն ու հավելել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման լիազորության շրջանակում այս պահի դրությամբ կնքվել է հաշտության 10 համաձայնություն:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել