copy image url
Ներքին 4 ամիս առաջ - 17:22 14-03-2026

Պետական աշխատողներին պարգևավճարները կարող են ծառայել որպես ընտրակաշառք․ Արտակ Բեգլարյան

Կառավարությունը մինչև տարվա կես նախատեսում է պետական աշխատողներին հատկացնել ավելի քան 4․6 միլիարդ դրամ պարգևավճար (մոտ 12 միլիոն դոլար)։

Ի՞նչ կարող է նշանակել այս որոշումը, և արդյոք այն կարող է դիտարկվել որպես ընտրակաշառք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքական ուժերին բարեգործություն անելն արգելված է։ Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Oragir.News-ի հետ զրույցում մեկնաբանելով այս որոշումը, նշեց, որ նման խրախուսական վճարների հարցը պետք է ունենա հստակ կարգավորում։

«Կարծում եմ՝ պետք է սահմանափակումներ լինեն։ Չենք կարող նույն ձևով համեմատել, ինչպես քաղաքական ուժերի բարեգործության դեպքում է կարգավորումը․ այստեղ պետք է առանձին կարգավորում լինի»,– նշեց նա՝ նկատելով, որ իշխող ուժը ունի լրացուցիչ լծակներ, որոնք կարող են օգտագործվել քաղաքական նպատակներով։

«Խոշոր առումով իշխող ուժը ունի լրացուցիչ լծակներ, ինչպիսիք, օրինակ, սա է՝ պարգևավճարները, թոշակների բարձրացումը և այլն, որոնք ըստ էության նույն նպատակին են ծառայում։ Ավելի վատն այն է, որ այստեղ օգտագործվում են ոչ թե իրենց սեփական միջոցները, այլ հանրային գումարները՝ քաղաքական կապիտալ ապահովելու համար։ Պարզապես խնդիրն այն է, որ կարծես թե որոշակի իրավական սողանցքներ կան»,-ասաց նա։

Ըստ իրավապաշտապանի, կարևոր է հասկանալ՝ նման ծավալի պարգևավճարներ նախորդ տարիներին եղե՞լ են, թե՞ ոչ։ «Թեև խորությամբ չեմ ուսումնասիրել, դրա համար դժվարանում եմ կտրուկ պնդել։ Բայց եթե իսկապես նախկինում նման ծավալի և նման սկզբունքով պարգևավճարներ չեն եղել, և դրանք լրացուցիչ վճարներ են, ապա ակնհայտ է, որ ընտրությունների նախաշեմին դրանց տրամադրումը կարող է ունենալ ընտրակաշառքի գործառույթ»,-կարծիք հայտնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ նման քայլերը կարող են նաև հակասահմանադրական գնահատվել։

«Սա արդեն կարող է դիտարկվել որպես հակասահմանադրական գործողություն։ Նույնիսկ եթե օրենսդրության մեջ բավարար կարգավորում չկա, քաղաքական առումով խնդիրը ակնհայտ է։ Եթե հարցը հասնի Սահմանադրական դատարան և արդար քննվի, վստահ եմ, որ նման գործողությունների արգելքը պետք է գործի»,-նշեց Բեգլարյանը՝ անդրադառնալով նաև թոշակների բարձրացման թեմային։ «Խնդիրը միայն պարգևավճարները չեն։ Կա նաև թոշակների բարձրացումը։ Իհարկե, ընդհանուր առմամբ դա լավ է թոշակառուների համար, բայց այն համատեքստում, որ դա արվել է հապշտապ, այն դեպքում, երբ նման քայլը այս տարվա բյուջեում նախատեսված չէր, և նույնիսկ նախկինում մի քանի անգամ մերժվել էին նման առաջարկները այլ քաղաքական ուժերի կողմից»,-ասաց Արտակ Բեգլարյանը։

Վերջինիս գնահատմամբ, այս ամենը խոսում է մի բանի մասին, որ իշխանությունները բավականին անհանգստացած են։

«Նրանք տեսնում են, որ իրենց վարկանիշը բավականին ցածր է, և իրենց քաղաքական նպատակներին չեն կարող հասնել սովորական ժողովրդավարական մեխանիզմներով։ Այդ դեպքում արդեն շատ մեծ ծավալով անցնում են վարչական ռեսուրսների և հանրային միջոցների կիրառմանը, որպեսզի քարոզչական դաշտում ներկայացնեն դա որպես իրենց հաջողություն», եզրափակեց Արցախի նախկին ՄԻՊ-ը։

Ամենից շատ դիտված

16:27 ԱՄՆ-ում 1-2 տոննա, Եվրոպայում՝ լոգիստիկ փակուղի. ինչո՞ւ է ձկան արտահանումը կախված միայն ՌԴ-ից
15:33 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռուսաստանի խորքում գտնվող ռազմական և էներգետիկ օբյեկտներին. Զելենսկի
17:00 Կյանքը՝ բաժանումից հետո. Ալեքսանդր Բաբասյանն ու Լիլիթ Բասյանը գտել են իրենց երջանկությունը
17:42 Իմ 2 ընկերները՝ Ծառուկյանն ու Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից պատանդառված են․ Սուրենյանց
15:18 Փաշինյանը, մի խումբ անձանց հետ ձևավորելով հանցավոր խմբավորում, տուգանել է ինձ 800․000 դր․ Վ․ Ավագյան
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
19:25 53-ամյա տղամարդուն երեք հոգով «BMW» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի ենթարկել
17:08 Աշոտյանը բերդում է, որովհետև այդպես է որոշել մեկ մարդ․ Զոհրաբյան
18:50 Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կերկարաձգվի
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել