Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 22:55 13-03-2026

Մարզային պոլիկլինիկաները փլուզման եզրին են․ ծրագրերը շատ են, բայց միայն թղթի վրա

Շիրակի մարզում պոլիկլինիկաների վիճակը շարունակում է մնալ անմխիթար։ Մասնավորապես, Գյումրիի պոլիկլինիկաներից Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայի շենքը գտնվում է փլուզման եզրին։ Բարվոք վիճակում չէ նաև Գյումրիի թիվ 1 պոլիկլինիկան։

Նշենք, որ Գյումրիի թիվ պոլիկլինիկայի շենքը 1860-ականների կառույց է և հատկանշանական է, որ այս շենքը ինչ ծառայում է որպես բուժհաստատություն, երբևէ չի հիմնանորոգվել։ Մեկդարյա այս շենքը «Կումայրի» արգելոցին պատկանող շինություններից է, բայց ուշադրությունից դուրս մնացած։

Դեռևս 2022 թվականին Գյումրիի թիվ 1 և թիվ 2 պոլիկլինիկաները ընդգրկվել էին կառավարության ծրագրում։ Նախատեսվում էր հիմնանորոգել բուժհաստատությունները, իսկ աշխատանքները պետք է սկսվեին 2023 թվականի առաջին կեսին։ Սակայն ծրագիրը մնաց միայն թղթի վրա։ Հետագայում շրջանառվեցին նաև պոլիկլինիկաների օպտիմալացման մասին խոսակցություններ։

Ըստ այդ տարբերակի՝ Գյումրիի «Բեռլին» պոլիկլինիկան և թիվ 1 պոլիկլինիկան պետք է միավորվեին և տեղափոխվեին թիվ 2 պոլիկլինիկայի շենք։ Գյումրիի 2-րդ պոլիկլինիկայի շենքը կառուցվել է 1936 թվականին։ Նշենք, որ այս բուժհաստատությունում 1993-ին մասնակի վերանորոգում է արվել, հետո մի քանի անգամ կոսմետիկ աշխատանքներ են կատարվել։

Օրեր առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հայտարարեց, որ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքը նախատեսվում է վերակառուցել, իսկ ծրագրի համար նախատեսվում է շուրջ 1.5 միլիարդ դրամ ներդրում։ Սակայն առայժմ խոսքը մնում է խոսք․ այսօրվա դրությամբ շենքում որևէ տեսակի վերանորոգման աշխատանք չի իրականացվել։

Այսպիսով, տարիներ շարունակ հայտարարվող ծրագրերը շարունակում են մնալ թղթի վրա, մինչդեռ մարզային բուժհաստատությունների շենքերը գնալով վատթարանում են։ Ֆոտոշարք։

Ֆոտոշարք