copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:49 15-02-2026

ՄԻՊ-ը ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց ներկայացրել է խախտված իրավունքները պաշտպանելու մեխանիզմները

Փետրվարի 14-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հիմնական ելույթով է հանդես եկել Դիլիջանում կազմակերպված՝ «Մարդու հիմնարար իրավունքներ և պարտականություններ» թեմայով ինտերակտիվ հանդիպմանը, որն անցկացվել է «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են՝ հանդիպումը կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ ճամբարային ձևաչափով։

Մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 20 կանայք և աղջիկներ։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների բովանդակությունը, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործառույթները, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնց միջոցով հնարավոր է պաշտպանել խախտված իրավունքները։

Հանդիպումն ունեցել է ինտերակտիվ բնույթ․ մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունները, ներկայացնելու կոնկրետ խնդիրներ և ստանալու պարզաբանումներ իրենց իրավունքների իրացման և պաշտպանության վերաբերյալ։

Անդրադառնալով բռնի տեղահանված անձանց խնդիրների հանրային քննարկումներին՝ Պաշտպանը շեշտել է զգայունության պահպանման և ատելության խոսքի բացառման կարևորությունը։

Նա կարևորել է նաև հանրային համերաշխության ամրապնդումը՝ ընդգծելով կրթական համակարգի առանցքային դերը։

Անահիտ Մանասյանի խոսքով՝ անհրաժեշտ են կրթական բարեփոխումներ, քանի որ կրթական միջավայրը պետք է ձևավորի այն բարոյական և էթիկական չափանիշները, որոնց վրա կառուցվում է հանրային վարքագիծը․ այդ չափանիշներն ուղղակիորեն ազդում են նաև մարդու իրավունքների նկատմամբ վերաբերմունքի վրա։

«Շատ կարևոր է, որպեսզի բռնի տեղահանված անձինք ներգրավված լինեն իրենց վերաբերելի որոշումների կայացման գործընթացներին»,– ընդգծել է Պաշտպանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ձևավորել ՄԻՊ-ին առընթեր հասարակական խորհուրդ, որի շրջանակում հնարավոր կլինի համակարգված կերպով քննարկել ոլորտում առկա խնդիրները և ձևավորել կառուցողական երկխոսության մշակույթ։

Հանդիպման ավարտին մասնակիցները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կառուցողական քննարկման համար։

Անահիտ Մանասյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել մասնակիցներին՝ կարևոր հարցադրումներ բարձրաձայնելու համար։

Պաշտպանը կարևորել է նման ձևաչափով անմիջական շփումները՝ ընդգծելով, որ բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ոչ միայն համակարգային լուծումներ, այլև անհատական մոտեցում և շարունակական ու զգայուն հաղորդակցություն։

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը շարունակելու է աջակցել տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ համագործակցելով նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին