Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:15 09-02-2026

Տերյանին նվիրված երկու կարևոր գրքեր են պատրաստվել, մեկը արդեն լույս է տեսել Մոսկվայում, երկրորդը կհրատարակվի առաջիկայում

Վահան Տերյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ բանաստեղծի ծոռը՝ Գևորգ Էմին-Տերյանը՝ անդրադառնալով ինչպես Տերյանի ժառանգությանը, այնպես էլ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացված կարևոր ծրագրերին ու նոր հրապարակումներին։

Նա շնորհակալություն հայտնեց ներկաներին մասնակցության համար և նշեց, որ Տերյանին նվիրված երկու կարևոր գրքեր են պատրաստվել, որոնցից մեկը արդեն լույս է տեսել Մոսկվայում և սահմանափակ օրինակներով հասանելի է նաև Երևանում, իսկ երկրորդը կհրատարակվի առաջիկա շաբաթներին։

Տերյանի ծոռան խոսքով՝ գրքերից մեկը ներկայացնում է նոր բացահայտումներ՝ կապված Տերյանի և Հովհաննես Թումանյանի առնչությունների հետ։ Այն կազմել է Սուսաննա Հովհաննիսյանը՝ հիմնվելով արխիվային նյութերի վրա։ Մյուս գիրքը, ըստ նրա, նույնպես պարունակում է արժեքավոր և մինչ այժմ անհայտ տեղեկություններ Տերյանի կյանքի և գործունեության մասին։

«Այս երկու գրքերն իսկապես սենսացիոն բացահայտումներ են Տերյանի մասին, և երբ ինձ առաջարկվեց խոսել Տերյանի մասին, ես ասացի, որ ավելի ճիշտ է խոսքը զիջել այն մարդկանց, որոնք իրական հետազոտական բացահայտումներ են արել»,– նշել է նա։

Գևորգ Էմին-Տերյանն ամփոփել է նաև Տերյանի 140-ամյակին նվիրված անցած տարին՝ այն անվանելով բացառիկ։ Նրա խոսքով՝ հոբելյանական միջոցառումները ծավալով և արդյունքներով գերազանցել են անգամ 125-ամյակի միջոցառումները։ Նա առանձնահատուկ կարևորել է Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը՝ նշելով, որ շենքը գտնվում էր քայքայված վիճակում և կանգնած էր կորստի եզրին։

«Երբ ծրագրի մասին առաջին անգամ խոսվեց, դժվար էր հավատալ, որ հնարավոր կլինի իրականացնել այդպիսի ծավալի աշխատանք։ Բայց իրականացվեց մեծ և համակարգված գործ։ Փառք ու պատիվ նախաձեռնողներին և ամբողջ թիմին։ Այսօր արդեն շատերը այցելում են տուն-թանգարան՝ շփվելու Տերյանի պոեզիայի և աշխարհընկալման հետ»,– ասել է նա՝ առանձնացնելով ծրագրի իրականացման մեջ ներդրում ունեցած պատասխանատուներին։

Տերյանի ծոռը կարևոր ձեռքբերում է համարել նաև Մակինցյանի նամակների ժողովածուի հրատարակությունը՝ այն բնորոշելով որպես լայնածավալ հետազոտական արժեք ունեցող աշխատանք, որը լույս է սփռում բազմաթիվ հարցերի վրա։ Նա նշել է, որ անցած տարվա ընթացքում առաջին անգամ կազմակերպվել է նաև Տերյանին նվիրված գիտաժողով, որի ընթացքում հնչել են տարբեր գիտակարգերին առնչվող զեկույցներ՝ փիլիսոփայությունից և լեզվաբանությունից մինչև հոգեբանություն։

Ուսումնասիրություններ են իրականացվում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ թվում՝ Փարիզում։ Միաժամանակ Գևորգ Էմին-Տերյանը արձանագրել է, որ մինչ օրս Տերյանի ստեղծագործությունների ակադեմիական հրատարակություն և ամբողջական գիտական կենսագրություն դեռևս չկան։

«Եթե որևէ մեկը ցանկանում է ամբողջական պատկերացում կազմել Տերյանի կյանքի և գործունեության մասին, առկա հիմնական գիրքը 1985 թվականի հրատարակությունն է, որը, ցավոք, բազմաթիվ սխալներ ունի։ Հույս ունենք, որ շուտով կունենանք և՛ գիտական կենսագրություն, և՛ երկերի ակադեմիական հրատարակություն»,– ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել