Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է, և փոխվել է գնդերեցների ծառայության բնույթը։ Բանակում կարող է շարունակվել հոգևոր ծառայությունը, պարզապես նրանք պետք է ենթարկվեն ԶՈՒ բարոյահոգեբանական գծով վարչությանը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:
«Բանակում չի կարող լինել երկակի ենթակայություն»,- նշեց նախարարը, ակնարկելով, որ բանակում ծառայող գնդերեցները պետք է ենթարկվեն միայն ՊՆ-ին։
Պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ կարգալույծ հռչակված քահանաներին 700 հազար դրամ աշխատավարձ է առաջարկվել գնդերեց աշխատելու համար, Պապիկյանը նշեց․
«Ես հիմա աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն և կատարեն իրենց առաքելությունը»։
Լրագրողների արձագանքին այն մասին, որ քահանաներին առաջարկվել է գումարի դիմաց միանալ Փաշինյանի հեղինակած «եկեղեցու բարենորոգման ծրագրին», Սուրեն Պապիկյանը պատասխանել է․ «Սուտ է, նման բան չկա։ Ամեն ինչ հրապարակային է»։
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ բանակում հոգևորականների ծառայության նոր կարգ է սահմանվել։ Դրանից հետո բանակում հոգևոր ծառայություն իրականացնող 42 գնդերեցներից 35-ն արդեն Մայր աթոռ են վերադարձել և սպասում են նոր նշանակումների։