«Լույսը վառի՜ր» հաղորդման վերջին թողարկումը, որտեղ հյուրընկալվել էին բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek), Ելենա Վարդերեսյանը և դերասան Համլետ Չոբանյանը, դարձավ համացանցի մեծ սկանդալի առիթ։
Այն, ինչ պետք է լիներ քաղաքակիրթ բանավեճ, վերածվեց երկու տարբեր աշխարհայացքների բախման, որը շարունակվում է մինչ օրս։
Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ
Կոնֆլիկտի կիզակետում Ռաֆիկ Համբարձումյանի եզրափակիչ խոսքն էր, որտեղ նա բավականին կոշտ արձագանքեց Համլետ Չոբանյանի՝ բլոգերներին ուղղված «էժան կոնտենտ ստեղծող» և «դեգրադացված» որակումներին։
«Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ, ցավոք, կմահանա»,- ասել է Ռաֆիկ Համբարձումյանը:
Այս հայտարարությունը հարուցեց արվեստագետների վրդովմունքը, մինչդեռ բլոգերների հետևորդները փորձեցին պաշտպանել արդիականության գաղափարը։
Արվեստի մի շարք ներկայացուցիչներ քննադատեցին այս հայտարարությունը։
Մարիամ Ալեքսանյանը (դերասանուհի, արվեստի պատմության ուսուցչուհի) շեշտում է կրթական կողմը՝ նշելով, որ իրական խնդիրը ուրիշի աշխատանքը չարժեզրկելն է. «Ճիշտ մարդը նա է, ով չի իջեցնում ուրիշի աշխատանքը»։

Վիկտորյա Սահակյանը (դերասանուհի) հիշեցնում է թատրոնի հազարամյա պատմությունը՝ բլոգինգը համարելով չափազանց երիտասարդ երևույթ նման ամբիցիաների համար. «Մի 2000 տարի զբաղվեք, հետո էկեք շփվենք»։

Բլոգեր Նինա Տիտանյանը չնայած համամիտ չէ թատրոնի մասին Ռաֆիկի խոսքերի հետ, սակայն բարձրացնում է հաղորդավարների և դերասանների էթիկայի հարցը։
Ըստ նրա՝ բլոգերների աշխատանքը հաղորդման ընթացքում ներկայացվել է որպես անբարոյական և զուրկ արժեքներից։