Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 18:10 16-12-2025

Լուսնի տակ ինչ կա «խլում են»․ Գրողների միության շենքերը երբեք պետական չեն եղել

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ»՝ «Հարսնաքար»-ին տրամադրված 2․8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․ տեղեկանում ենք Դատախազության տարածած հաղորդագրությունից։

Հաղորդագրությունում նշվում է, որ հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնց հիմքով հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Oragir.News-ը Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին խնդրեց մեկնաբանել վերջին իրադարձությունները։ Հարցին՝ արդյոք պետության կողմից ստեղծագործական միությունները հաջորդականությամբ ազգայնացնելու համակարգված արշավը կարո՞ղ է մտածված ծրագիր է, թե պատահականություն են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ «Հարսնաքարի» թեման բարդ ու խճճված է, սակայն կարող է փաստել, որ Գրողների միության բոլոր շենքերը երբեք պետական չեն եղել։

«Ստեղծագործական միությունների շենքերը պետական չեն համարվել։ Իսկ, օրինակ, ԴՕՍԱԱՖ-ը, մարզական ընկերությունները պետական հիմնարկներ են եղել, պետությունը ֆինանսավորել է նրանց գործունեությունը և այլն։ Մերը այդպես չի եղել։ Պետք չէր մեզ նրանց հետ խառնել, բայց խառնել են և դատական գործընթացի մեջ են մտցրել»,- ասաց նա։

Միլիտոնյանը նշեց, որ Բաղրամյան 3-ում, Սևանում և Ծաղկաձորում Գրողների միությանը պատկանող ստեղծագործական միությունների շուրջ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, թե ինչպես է տարիների ընթացքում ձևավորված իրավական անորոշությունը ազդում մշակութային օբյեկտների գործունեության վրա։

«Այս շենքերը ստեղծագործական միությունների սեփականությունն են, և 26–27 տարի է՝ մենք ներդրումներ ենք կատարել՝ նորոգել ենք շենքերը, վճարել աշխատավարձերը, հարկեր։ Եթե այս ամենը հիմա հաշվի չառնվի, գործընթացը հայտնվում է անորոշության մեջ»,- ասաց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է Գրողների միության շենքին, ապա դրա սեփականության հարցը լուծված է դեռևս 1999 թվականից։ Սեփականության իրավունք են ստացել նաև Դիլիջանի, Կոմպոզիտորների միության, Ծաղկաձորի և Շորժայի օբյեկտները։

«Ցավոք սրտի, կադաստրն ամբողջությամբ դուրս է մնացել այս ամենից, և դատախազության հայցերը հենց իրենց են ուղղված։ Մեզ ուղղված չեն։ Մենք երրորդ անձ ենք այս գործընթացում։ Ստացվում է՝ դատի են տվել, օրինակ, կադաստրին, բայց իրականում տուժում է լրիվ ուրիշ կողմը՝ ստեղծագործական միությունները։ Այդ պատճառով էլ այս շենքերը և մարզական ընկերությունների շենքերը նույն հարթության մեջ դնելը ճիշտ չէ»,- բացատրեց Գրողների միության նախագահը՝ շարունակելով․- «Դրանք լիովին տարբեր տիրույթներ են, տարբեր ոլորտներ են։ 1993 թվականին, երբ ընդունվել է պետականացման վերաբերյալ Գերագույն խորհրդի որոշումը և այլ իրավական ակտեր, այնտեղ «ստեղծագործական միություն» հասկացություն չեք հանդիպի․ այդ անվանումը պարզապես չկա․․․Ես անձամբ հանդիպել եմ առաջին նախագահին, և նրա հետ էլ եմ զրուցել այս թեմայով։ Նա ասում էր՝ նման բան գոյություն չունի, ստեղծագործական միությունները պետական չեն համարվել։ Ես բառացի մեջբերում եմ նրա խոսքը․ նա ասում էր՝ նայեք որոշմանը, կա՞ այնտեղ «ստեղծագործական միություն» հասկացությունը․ չկա։ Կան այլ կազմակերպությունների անվանումներ, բայց ստեղծագործական միություն չկա։ Հիմա վերցնել ու դրանք խառնելը ճիշտ չէ, պարզապես ճիշտ չէ»։

Ամփոփելով խոսքը՝ Էդվարդ Միլիտոնյանը նշեց․ «Տպավորություն է ստեղծվում, թե այս հողի վրա, աստղերի տակ ու լուսնի տակ ինչ կա, փորձում են պետական հայտարարել Հայաստանի տարածքում, մինչդեռ դա այդպես չէ»։

Իսկ թե ինչ փուլում է Բաղրամյան 3–ում գտնվող Գրողների միության շենքը, տեղեկացանք, որ գործընթացը գտնվում է դատական փուլում, վարչական դատարանը դատական նիստ է նշանակել 2026-ի ապրիլի 7–ին։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան