copy image url
Ներքին Խոսք 8 ամիս առաջ - 18:30 15-12-2025

Տուժում են նաև վթար չունեցողները․ ԱՊՊԱ պայմանագրերը բոլորի համար են թանկացել

ԱՊՊԱ պայմանագրերը թանկացել են, ինչի հետևանքով էլ վարորդների շրջանում դժգոհության ալիք է բարձրացել։ Թանկացումը վերաբերվում է նաև այն վարորդներին, ովքեր անցնող տարվա ընթացքում վթար չեն ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ ԱՊՊԱ պայմանագրերի սակագների փոփոխությունը կապված չէ տարեվերջի կամ տարեսկզբի հետ։ Համակարգը արդեն մի քանի տարի է՝ ազատականացված է, և ապահովագրական ընկերությունները տարեկան մինչև երկու անգամ կարող են վերանայել սակագները՝ իրենց հաշվարկները ներկայացնելով Կենտրոնական բանկին։

«Հիմնական պատճառը վնասաբերության ցուցանիշի աճն է՝ վթարների քանակի և հատուցվող գումարների ավելացումը։ Այս պայմաններում ապահովագրական ընկերությունները ստիպված են որոշակի գների ճշգրտում իրականացնել, որ կարողանան շարունակել իրենց գործունեությունը»,- ներկայացրեց Քեյանը։

Անդրադառնալով քաղաքացիների դժգոհություններին՝ վերջինս նշեց, որ դրանք հասկանալի են, սակայն համակարգի տրամաբանությունը հիմնված է ռիսկերի բաշխման վրա։ Օրինակ՝ եթե որևէ վարորդին տրված փոխհատուցումը կազմում է մի քանի միլիոն դրամ, ապա այդ գումարը բաշխվում է համակարգի բոլոր մասնակիցների միջև, այդ թվում՝ այն վարորդների, որոնք վթար չեն ունեցել։

Փորձագետն ընդգծեց, որ ԱՊՊԱ վճարները հարկ կամ պետական գանձում չեն, և հավաքագրված գումարներն ամբողջությամբ ուղղվում են պատճառված վնասների հատուցմանը։ Քեյանի համոզմամբ՝ սակագների հետագա աճը կանգնեցնելու համար վարորդները պետք է հնարավորինս կարգապահ լինեն երթևեկության մեջ։

Ինչ վերաբերում է թանկացման չափին, հստակ տոկոս կանխատեսել հնարավոր չէ, քանի որ շուկան ազատ է. «Այս պահին Հայաստանում կա 6 ապահովագրական ընկերություն, և յուրաքանչյուրի սակագինը տարբեր է։ Մի դեպքում գնի փոփոխությունը կարող է լինել 5%, մյուս դեպքում՝ 20%, կամ ընդհանրապես չլինել»։

«Վարորդի ընկեր» ՀԿ նախագահը հավելեց, որ ցանկացած թանկացում, բնականաբար, քաղաքացիների սրտով չէ, սակայն համակարգի պահպանման և կայուն աշխատանքի համար որոշակի գին վճարելը անխուսափելի է՝ հատկապես հաշվի առնելով, որ տարեցտարի աճում են թե՛ հատուցման դեպքերը, թե՛ ապահովագրական ծախսերը։

Անդրադառնալով ԱՊՊԱ-ի հետպահանջի դեպքերին՝ Տիգրան Քեյանը նշեց, որ ապահովագրական ընկերությունը կարող է հետ պահանջ ներկայացնել վարորդին, եթե նա սահմանված ժամկետում չի տեղեկացրել պատահարի մասին, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ կամ չի ունեցել վարորդական իրավունք։

Քեյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին՝ ծանոթանալ պաշտոնական վիճակագրությանը՝ ընդգծելով, որ ԱՊՊԱ Բյուրոյի կայքում հրապարակվում են տարբեր տարիների տվյալները՝ կնքված պայմանագրերի քանակի, հավաքագրված գումարների և կատարված հատուցումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այդ տվյալների ուսումնասիրությունը թույլ կտա հասկանալ՝ արդյոք առկա՞ են գերշահույթներ, թե՞ համակարգը պարզապես ծածկում է վթարների պատճառով կատարված ծախսերը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ