Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 14:56 10-12-2025

2026 թվականին Հայաստանը դատախազ կգործուղի Եվրաջասթ. Վարդապետյանը մասնակցել է կլոր սեղան քննարկման

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է «Հայաստանն ու Եվրաջասթը. ինչպե՞ս փոխգործակցել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետությունից գործուղված դատախազի հետ» թեմայով կլոր սեղան-քննարկումը:

Քննարկումն իրականացվում է Նիդերլանդների Թագավորությունում գործող՝ Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ:

Կլոր սեղան քննարկման նպատակն է բարձրացնել Եվրաջասթի (Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության), ինչպես նաև Եվրաջասթի համագործակցության հարցերով դատախազների հիմնական գործառույթների վերաբերյալ մասնակիցների իրազեկվածությունը՝ անդրազգային հանցագործություններով նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության և քրեական հետապնդման համատեքստում, ինչպես նաև ներկայացնել և քննարկել Եվրաջասթի գործիքներին հասանելիություն ստանալու նպատակով աջակցության հայտ ներկայացնելու պայմանները և այլն:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլորին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության համար կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերն ընդունելու, կլոր սեղան քննարկմանը մասնակցելու համար և նշել.

«Հայաստանի Հանրապետության դատախազությունը ձգտում է ապահովել սերտ համագործակցություն միջազգային և տարածաշրջանային մասնագիտական կառույցների հետ, մոտեցնել դատախազի մասնագիտական կարողությունները, հնարավորություններն ու կերպարը միջազգային չափորոշիչներին:

«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրաջասթի միջև համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2024 թվականի ապրիլի 5-ին: Հաջորդիվ, ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության դատախազության և Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև համագործակցության մասին համաձայնագրի իրականացման վերաբերյալ» աշխատանքային պայմանավորվածությունը:

Մենք արդեն իրականացրել ենք անհրաժեշտ բոլոր ներքին իրավական ընթացակարգերը և նախատեսում ենք 2026 թվականի ընթացքում դատախազ գործուղել Եվրաջասթ:

Առիթն օգտագործելով ցանկանում եմ ընդգծել Նիդերլանդերում գործող Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի հետ մեր՝ բոլորովին վերջերս ձևավորված, սակայն հետևողական և արդյունավետ համագործակցությունը: Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանն այս նախաձեռնությանը ցուցաբերած աջակցության համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Եվրաջասթի մեր գործընկերներին՝ հրավերն ընդունելու և Հայաստան այցելելու համար: Սա Հայաստանում իրականացվող՝ նախադեպը չունեցող միջոցառում է, և վստահ եմ, որ այն էլ ավելի կնպաստի Եվրաջասթի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ամրապնդմանն ու առավել ակտիվ փոխգործակցությանը:

Այս միջոցառման իրականացմամբ մենք ցանկանում էինք նախքան Հաագա դատախազ գործուղելը՝ ներպետական մարմինների ներկայացուցիչներին ծանոթացնել Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով գործուղված դատախազների հիմնական գործառույթներին՝ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համատեքստում»:

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության փոխդեսպան Թիմեն Կաուվենարը կարևորել է նման բովանդակությամբ քննարկում կազմակերպելն ու ընդգծել, որ Հայաստանը Նիդերլանդների կարևոր գործընկերն է և մեր երկկողմ հարաբերությունները բարձրացել են դեպի ռազմավարական համագործակցության:

Եվրաջասթի Գործընկերների հետ հարաբերությունների հարցերով խորհրդի նախագահ Բոստյան Շկրլեցը շնորհակալություն է հայտնել աշխատանքային քննարկմանը մասնակցելու հրավերի համար և ընդգծել, որ Եվրաջասթի «ճանապարհորդությունը» Հայաստանի հետ շատ արդյունավետ է և բովանդակային:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցել են նաև Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի Ծրագրի ղեկավար Դոմենիկո Ֆոտին, Եվրաջասթի ԵՄ-ի և միջազգային հարաբերությունների հարցերով բաժնի իրավախորհրդատու Ֆլորինա Բիսոգը, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Ուկրաինայից գործուղված դատախազ Միրոսլավա Կրասնոբորովան, Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից գործուղված դատախազ Ռուդոլֆ Քրիստոֆֆերսենը, Արդարադատության, Ներքին գործերի և Արտաքին գործերի նախարարությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչները, մասնավորապես՝ Դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազները և այն դատախազները, ովքեր հսկողական և վերահսկողական գործառույթներ են իրականացնում խարդախության, կիբեռհանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության, փողերի լվացման հանցագործություններով, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ներգրավված դատախազները:

Միջոցառման ընթացքում Եվրաջասթի հետ համագործակցության հարցերով Նորվեգիայից և Ուկրաինայից գործուղված դատախազների, Լատվիայի ազգային անդամի, ինչպես նաև Եվրաջասթի ներկայացուցիչների կողմից կներկայացվեն համագործակցության հարցերով դատախազների հետ աշխատանքի առանձնահատկություններն ու հնարավորությունները: Կներկայացվեն նաև Եվրաջասթի գործիքակազմից օգտվելու, ինչպես նաև վարույթների առնչությամբ օպերատիվ տեղեկատվության համակարգված փոխանակման նպատակով Եվրաջասթին դիմելու կարգն ու պայմանները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել