Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 12:45 15-11-2025

Անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել AntiFake.am կայքի նկատմամբ գործողությունների առնչությամբ։

«Երեկ՝ նոյեմբերի 13-ին, ԱԱԾ աշխատակիցները ձերբակալել են AntiFake.am կայքի «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին։ Ավելի ուշ նրանք դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել են։ Պատճառը նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցին հաջորդած՝ նշյալ փոդքասթի երկու թողարկումներում Սաղաթելյանի և Սամսոնյանի հնչեցրած հայհոյանքն ու վիրավորանքներն են վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և իշխանության այլ ներկայացուցիչների հասցեին։

Հետապնդումը նախաձեռնվել է Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։ Ըստ Քննչական կոմիտեի՝ գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով):

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվեցին
Նույն օրը ԱԱԾ-ն խուզարկություն է իրականացրել AntiFake.am կայքի գրասենյակում, առգրավել է խմբագրության տեխնիկան, ապա՝ ձերբակալել լրագրող Դավիթ Ֆիդանյանին՝ արդարադատությանը խոչընդոտելու պատճառաբանությամբ։

Այսօր արդեն՝ նոյեմբերի 14-ին, իրավապահները ձերբակալել են նաև AntiFake.am-ի աշխատակից Իշխան Խոսրովյանին, որը մի քանի ժամ անց ազատ է արձակվել։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, անթույլատրելի ենք համարում իշխանությունների կողմից այս անհամաչափ ուժի և բիրտ ճնշումների կիրառումը, որն արտահայտվել է ԱԱԾ-ի ներգրավմամբ ցուցադրական գործողություններով, բուն խնդրի հետ ուղիղ կապ չունեցող՝ AntiFake.am-ի այլ աշխատակիցների ձերբակալմամբ և խմբագրության ողջ տեխնիկայի առգրավմամբ, ինչը հանգեցրել է ընդդիմադիր հարթակի գործունեության խաթարման։ Այս գործողությունները դատապարտելի են և հարիր չեն ժողովրդավարությանը ձգտող պետությանը։

Միևնույն ժամանակ, սկզբունքորեն անընդունելի ենք համարում և դատապարտում ենք հայհոյախոսությունն ու վիրավորանքը հանրային տիրույթում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Վերջին տարիներին լայնորեն տարածված արատավոր այդ երևույթը, որը հաճախ անպատիժ է մնում, էլ ավելի է խորացնում հասարակության պառակտվածությունն ու բևեռացումը, սերմանում անհանդուրժողականություն և սանձարձակություն։ Անկասկած, հայհոյանքն ու վիրավորանքը, ատելության խոսքն ու սպառնալիքները պետք է ստանան իրավական գնահատական։ Դրանք անհամատեղելի են հասարակության հետ հաղորդակցվելու տարրական նորմերի հետ։

Հաշվի առնելով վերոհիշյալ իրադարձությունների հանրային լայն արձագանքը՝ պահանջում ենք․ իրավապահ մարմիններից՝ զերծ մնալ ընտրողական մոտեցումից վիրավորանքների և հայհոյախոսության համար անձանց պատասխանատվության ենթարկելիս, իսկ տվյալ գործի քննությունն իրականացնել համակողմանի և օբյեկտիվ՝ պարբերաբար տեղեկացնելով հասարակությանը դրա ընթացքի և արդյունքների մասին, իշխանություններից, քաղաքական բոլոր ուժերից, այդ թվում՝ դրանց հետ ասոցացվող լրատվամիջոցներից, հանրային խոսքում զերծ մնալ պարկեշտության սահմանները հատող բառապաշարից և հայհոյախոսությունից, հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմաները քննարկելիս դրսևորել առավել հանդուրժողականություն և զսպվածություն»։
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին