copy image url
Ներքին Խոսք 7 ամիս առաջ - 18:30 07-10-2025

«Հայ մանուկ»-ը գումարներ չի «գռփում»․ նախկին շահառուն զրպարտում է

«Դա շահառուի սուբյեկտիվ կարծիքն է, որն ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում։ Նա բավականին խնդրահարույց շահառու էր, անգամ դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանի Վանաձորի գրասենյակին, որտեղից էլ կապ էին հաստատել մեր հիմնադրամի նախագահի հետ՝ պարզաբանման նպատակով։ Դրանից հետո շահառուն ասել էր, որ այլևս հարցեր չունի, սակայն հետագայում նա սկսեց սոցիալական ցանցերում նոր հրապարակումներ անել ու անհիմն մեղադրանքներ հնչեցնել»,- Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց «Հայ Մանուկ»-ի հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Լիլիթ Ադիբեկյանը՝ արձագանքելով նախաձեռնության նախկին շահառու Հասմիկ Այվազյանի մեղադրանքներին։

Հիշեցնենք՝ Հասմիկ Այվազյանը 2024 թվականի նոյեմբերի 12-ին դիմել էր Oragir.News-ին՝ պնդելով, որ 2020 թվականին «Հայ մանուկ»-ի կայքով հերթագրվել է, որից 4 տարի անց՝ 2024-ի հոկտեմբերին նախաձեռնությունից իր հետ կապ են հաստատել, առաջարկել վճարում կատարել և մասնակցել վիճակահանությանը, սակայն վճարումը կատարելուց հետո պարզվել է, որ նա չի կարող վիճակահանությանը մասնակցել։ Oragir.News-ը մեկնաբանության համար դեռ այն ժամանակ էր փորձել կապ հաստատել Լիլիթ Ադիբեկյանի հետ, ինչը չէր հաջողվել, ուստի հրապարակել էինք բացառապես շահառուի՝ Հասմիկ Այվազյանի պնդումները։

Լիլիթ Ադիբեկյանը շեշտում է, որ հիմնադրամը գործում է 2016 թվականից և հովանավորում է բացառապես այն զույգերին, որոնց ամուսնությունն օրինական գրանցված է, ինչպես նաև արտամարմնային բեղմնավորումը նրանց բժշկորեն ցուցված է․

«Մեզ մոտ հստակ գրված է, որ հովանավորում ենք միայն նման ընտանիքներին։ Եթե շահառուների ամուսնությունը գրանցված չէ, մենք հարցնում ենք, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ՝ ամուսնությունը գրանցելու համար։ Օրինակ՝ շահառուներից մեկն ասաց՝ 2 շաբաթ, ասեցինք՝ 3 շաբաթ ունեք, գնացեք, գրանցվեք, որպեսզի կարողանանք մասնակցեք վիճակահանությանը։ Տվյալ շահառուն՝ Հասմիկ Այվազյանը, նշում էր, որ իրենք չեն կարող ամուսնանալ, քանի որ նպաստի խնդիր ունեն, իսկ ամուսնությունը գրանցելու դեպքում այդ նպաստից կզրկվեն։ Մենք նրանց ասել ենք, որ այդ թուղթը պարտադիր է, կամ եթե դա խնդիր է, կարող են նոտարի թուղթ ներկայացնել, բայց նրանք դրան էլ համաձայն չէին ու հիմա նշում են, որ մենք միայն փող ենք գռփում։

Մեր կազմակերպությունը հստակ նշում է, որ մենք օգնում ենք այն ընտանիքներին, որոնք չունեն երեխա և որոնց համար արտամարմնային բեղմնավորումը ցուցված է բժիշկների կողմից։ Ընտանիքի գաղափարը մեր ծրագրում վերաբերում է զագսի վկայական ունեցողներին, քանի որ միայն ամուսնացած զույգերը կարող են ընտանիք համարվել։ Եթե վկայականը չկա, մենք պահանջում ենք նոտարի կողմից հաստատված փաստաթուղթ, որով տղամարդը ճանաչում է ապագա երեխայի հայրությունը։ Նման տարբերակ էլ մենք առաջարկում՝ հասկանալով, որ շատ դեպքերում միգուցե հնարավոր չէ ամուսնության վկայական ներկայացնել»։

Oragir.News-ի հարցին՝ ի՞նչ գումար է շահառուն վճարել «Հայ մանուկ»-ին՝ Ադիբեկյանը պատասխանեց, որ դա վիճակահանությանը մասնակցելու գումարն է։ «Մենք ստեղծել ենք մի ծրագիր, որը կոչվում է վիճակահանություն։ Այսինքն՝ այն ընտանիքները, որոնք դիմել են մեզ, սակայն ստիպված են տարիներով սպասել իրենց հերթին, կարող են մասնակցել վիճակահանությանը։ Շահառուները կատարում են 33.000 դրամ հանգանակություն, որը ամսական կտրվածով կազմում է 5 եվրո, և այդպիսով հանգանակություն են կատարում և բարերար դառնում, քանի որ այդ գումարը ևս ուղղվում է ինչ-որ ընտանիքի էկոյին։ Սա սահմանված կարգն է, և ես անձամբ եմ զանգում շահառուներին ու տեղեկացնում բոլոր մանրամասների մասին, հատկապես՝ թղթաբանության հետ կապված»,- ասաց նա՝ հավելելով, որ շահառուն առ այսօր հրաժարվում նաև իր վճարած գումարը հետ ստանալ։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ հայտնեց, որ դժգոհող շահառուն շատ վատ է իրենց հետ խոսել, անգամ՝ վիրավորել։ «Ասաց՝ ձեր ինչ գործն է՝ ես ինչ թուղթ կտամ ձեզ, դուք միայն փող եք գռփում։ Դրանից հետո ես ասել եմ, որ մեր նախագահի հետ կարող են կապվել, ում զանգին նրանք պատասխանել են և այս պատասխանը տվել․ «Մենք ձեզ թուղթ չունենք տալու»։ Իրենց վատ պահվածքի պատճառով մեր նախագահն ասել է, որ նրանց հեռացնում է ծրագրից, իսկ հանգանակված գումարներ էլ կվերադարձվի և փոխարենը նոր շահառու կընտրվի»,- ասաց նա։

Լիլիթ Ադիբեկյանը հավելեց՝ իր գործունեության ողջ ընթացքում նման խնդրի չէր բախվել։ Ըստ նրա՝ նախաձեռնության շահառուները հասկացող մարդիկ են և իրենց գործունեության արդյունքում շուրջ 200 զույգեր օրինականացրել են իրենց հարաբերությունները՝ հասկանալով, որ այս ճանապարհով երեխա ունենալու համար դա անհրաժեշտ է։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան