Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 8 ամիս առաջ - 16:47 08-09-2025

Հայաստան-Իրան. ստորագրվել է կրթության ոլորտում 2025-2029 թվականների համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Հոսեյն Սիմայի Սարրաֆի հետ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ՀՀ պատվիրակության այլ անդամներ:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերությունները և դրանց ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։ ԿԳՄՍ նախարարը համոզմունք է հայտնել, որ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանիի և նրա գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ համագործակցության զարգացման համար։

Ընդգծելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել ներդնելու ջանքեր երկկողմ կապերի խորացման նպատակով:

Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով, որ դրանք որակական փոփոխությունների հանգեցնող գործընթացներ են: ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է «Ակադեմիական քաղաք» ծրագրին՝ նշելով, որ այն հանրային միջավայր ու մթնոլորտ վերափոխող նախագիծ է, որը նպաստելու է ՀՀ-ում բուհական կրթության արդիականացմանը, միջազգային մրցունակության բարձրացմանը և ժամանակակից գիտահետազոտական միջավայրի ապահովմանը:

Ժաննա Անդրեասյանը նաև տեղեկացրել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունն էապես մեծացրել է գիտության ոլորտի ֆինանսավորումը, ներկայում շրջանառվում է նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագիծը, որով օրենսդրական հիմքեր են դրվելու նաև օտարերկրյա գիտնականների հետ համատեղ նախաձեռնությունների և դրամաշնորհային ծրագրերի մասնակցության համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում հայագիտության զարգացման հեռանկարները: Նրա խոսքով՝ երկու երկրների ընդհանուր պատմական անցյալը, ինչպես նաև իրանահայ համայնքի կարևոր դերակատարությունն ընձեռում են հայագիտության զարգացման հնարավորություններ:

Նախարարը տեղեկացրել է՝ հայագիտության զարգացման նպատակով ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվում է տարբեր երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների գործունեությունը՝ առաջարկելով դիտարկել նաև իրանական բուհերից մեկում նմանօրինակ կենտրոնի հիմնումը:

Հանդիպման ընթացքում շեշտվել է նաև Հայաստանի և Իրանի բուհերի դիպլոմների փոխճանաչման կարևորությունը։ Կողմերը քննարկել են դասավանդողների և գիտնականների փոխանակման, կրթական և գիտական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ և ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարությունների միջև կրթության բնագավառում համագործակցության մասին 2025-2029 թվականների փոխըմբռնման հուշագիրը։ Փաստաթղթով նախատեսվում է կրթական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապերի հաստատում, պրոֆեսորադասախոսական կազմի փոխայցելությունների խրախուսում, ուսումնական ծրագրերի փոխանակում և այլն։

Կողմերը համոզմունք են հայտնել՝ հուշագիրը նոր հնարավորություններ է բացելու ինչպես երկու երկրների բուհերի, այնպես էլ ուսանողների, շահագրգիռ այլ կողմերի համար:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից