Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:43 02-09-2025

Փաշինյանն Արցախի անկախության օրը չշնորհավորեց, հոսանքազրկված Եռաբլուրը, Էրդողանը գոհ է․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է սեպտեմբերի 2-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Այսօր՝ սեպտեմբերի 2-ը, Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի հենց այս օրը Ստեփանակերտում գումարվեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որի ընթացքում ընդունվեց անկախ պետականություն հռչակելու որոշումը։ Որոշումն ընդունվեց Խորհրդային Միության փլուզման և տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների պայմաններում։ Արցախյան հայությունը իր պատմական իրավունքի հիման վրա արտահայտեց ինքնորոշման կամքը՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) ստեղծման մասին։ Անկախության հռչակագրից հետո, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, Լեռնային Ղարաբաղում անցկացվեց հանրաքվե, որի արդյունքներով բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ քվեարկեց անկախությանը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023-ի սեպտեմբերի 19-ին մեկօրյա ագրեսիայի հետևանքով Արցախի տարածքն այսօր հայաթափվել է և հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ, սակայն հայության գերակշիռ մեծամասնությունը շարունակում է պահպանել Արցախի ապագայի հանդեպ պարտավորության զգացումն ու վերադարձի հույսը:

Նիկոլ Փաշինյանն Արցախի անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ չի հղել։ Նա «ո՞րն է այսօրվա և նախկին Հայաստանի Հանրապետությունների տարբերությունը» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ պնդելով, թե նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ այլ երկրների շնորհիվ, այլ երկրների համար, իսկ այսօրվաՀայաստանի Հանրապետությունը գոյություն ունի իր շնորհիվ՝ իր քաղաքացիների շնորհիվ, իր քաղաքացիների համար «Փառք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,-գրել է կառավարության ղեկավարը։ Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից անցել է շուրջ 5 տարի, սակայն առ այսօր պատերազմում զոհված զինվորականների անուն-ազգանունները չեն հրապարակվել։ Արցախի Հանրապետության օրը շնորհավորել են երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը, ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք հասարակական և քաղաքական գործիչներ։

Այսօր շարունակվել է «Մարտի 1»-ի գործով վերաբացված դատավարությունը, որն անցավ դռնփակ: Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ուներ, բայց ասաց` գաղտնի ռեժիմով պետք է քննվի: Մյուս հարցը վերաբերում էր հիշյալ իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրվող նախկին քննիչ Արմեն Հակոբյանի գործին: Նրա գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը միջնորդել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորին իրենց տրամադրել գործով ապացույցները, մասնավորապես` պարկուճները: Այս երկու միջնորդությունները դատարանը քննեց փակ ռեժիմով: Այսօր նաև ընթանում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը, որի ժամանակ դատախազը գույքային հայց ներկայացրեց նախկին նախագահի ու մյուս մեղադրյալների դեմ: Մեղադրողը խնդրեց նրանց ճանաչել գույքային պատասխանող, Սերժ Սարգսյանից հօգուտ պետության բռնագանձել մոտ 4 միլիարդ դրամ: Դատախազությունը երրորդ նախագահին մեղադրում է 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին: Ըստ մեղադրանքի՝ Երևանի Իսակովի պողոտայի և «Եռաբլուր» պանթեոնի հարակից հողատարածքը վաճառվել է շուկայականից ցածր գնով: Դատախազությունը պնդում է, որ Սերժ Սարգսյանը դա արել է հողամասերը «Տոյոտա-Երևան»-ին փոխանցելու համար: Այս ընկերության 30 տոկոսը պատկանում է երկրորդ նախագահի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին:

Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին կոշտ էր արձագանքել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարությանը, այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է բավականին ուշագրավ հայտարարությամբ հանդես եկել։ Վերջինս պնդել է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հարաբերությունների կարգավորման հարցում միասնական դիրքորոշում ունեն, Ադրբեջանն ու Հայաստանը տարաձայնություններ չունեն նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցում: Նրա խոսքով` վաշինգտոնյան պայմանավորվածությունները զգալիորեն արագացրել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Ես հանգամանալից բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնուհետև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ... երկրները հիմնականում հաղթահարել են խաղաղության ճանապարհին առկա խոչընդոտները և հասել եզրափակիչ կետին»,- Թուրքիայի նախագահի խոսքերն են մեջբերում տեղական ԶԼՄ-ները: Նա հայտարարել է, որ խաղաղության հաստատմամբ տարածաշրջանում կակտիվանան ցամաքային և երկաթուղիները, կբացվեն սահմանային անցակետերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը