Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 10 ամիս առաջ - 19:00 30-07-2025

Ինչո՞վ կավարտվի ՀՀ-ի դեմ սկսված հիբրիդային պատերազմը. Փաշինյանը կհանձնվի՞  

Պատերազմի թեմայի հետ կատակ չեն անում։ Ժողովուրդը լավ գիտի՝ ինչ աղետալի բան է պատերազմը, և ով է պատերազմում ամենաշատը տուժում։

«Մեծ արշավ է սկսվել Հայաստանի դեմ: Հիբրիդային պատերազմի սկիզբը տրված է»,- նախօրեին գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը և ենթադրել, թե «վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանի Հանրապետությունը դարձնել ֆորպոստ ռուսահպատակ օլիգարխների ձեռքում»:

Իսկ ի՞նչ է անում ՀՀ իշխանությունն այս պատերազմում ՀՀ ինքնիշխան իրավունքները, ժողովրդի ազատությունը, արժեքները, ներքին խաղաղությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու ուղղությամբ։

Հիբրիդային պատերազմին դիմագրավելու թեմայով ՀՀ անվտանգության խորհրդի նիստ չի գումարվել։ Այդ մասին տեղեկատվություն չկա։ ԱԱԾ-ի զեկույցն այս մասին ևս չկա բաց աղբյուրներում։ Քաղաքականություն որոշողները համարժեք որոշումներ չեն ընդունել։ ՔՊ խմբակցության պատգամավորները ևս օրենսդրական նախաձեռություններով հանդես չեն եկել։ Այսպիսի վերաբերմունքը նորմա՞լ է։

Փորձենք համեմատել այս իրավիճակը 2020-ի սեպտեմբերի 27-ին նախորդած շրջանի հետ։ Այդ ժամանակ քաղաքագետները, փորձառու քաղաքական գործիչները հրապարակավ կանխատեսում էին, որ շուտով ՀՀ-ի դեմ պատերազմ է սկսվելու։ Ներկայումս պատերազմի վտանգի մասին խոսում է ԱԺ նախագահը, մտավախություն հայտնում, թե ագրեսորների նպատակը ՀՀ-ն ֆորպոստ դարձնելն է։

2020-ին գործընկեր երկրների ներկայացուցիչներն էին այցելում Երևան, հանդիպում վարչապետի, ուժայինների հետ և զգուշացնում, որ ՀՀ-ի դեմ պատերազմ է պատրաստվում, առաջարկում էին աջակցություն, խորհուրդներ տալիս։ Նիկոլ Փաշինյանն արհամարհում էր այդ զգուշացումները, խորհուրդներն ու աջակցության առաջարկները։ Դինջ լռված էին։ Ավելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ ՔՊ-ական իշխանությունները շարունակեցին ռուսամետ աղետալի կուրսը, մերժեցին ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ազատ աշխարհի աջակցության առաջարկները, նախապատվություն տալով Մոսկվային, որը քողարկված, երբեմն բացահայտ աջակցում էր Բաքվին։ Իսկ Փաշինյանը, իր իսկ խոստովանությամբ՝ ֆորպոստի վարչապետ էր աշխատում, 2020-ի նոյեմբերին էլ դարձել է ամենաֆորպոստի վարչապետ։ Ոմանք այս փաստերը հիմք ընդունելով, ենթադրում են, որ Փաշինյանը 44-օրյայից առաջ ու պատերազմի ժամանակ գործել է ազգային շահերի դեմ։

Ներկայումս նույն անտարբերությունն ու անգործությունն է հիբրիդային պատերազմի նկատմամբ, որն ԱԺ նախագահի պնդմամբ՝ սկսվել է։ Չնայած՝ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե 2022-ի հոկտեմբերի 6-ից հետո ֆորպոստի վարչապետ չէ, սակայն նրան, կարծես, չի մտահոգում Ալեն Սիմոնյանի սարսափելի կանխատեսումը, թե ագրեսորը մտադիր է ՀՀ-ն դարձնել ֆորպոստ։

Ալեն Սիմոնյանը թափանցիկ ակնարկում է, որ հիբրիդային պատերազմը վարում է Մոսկվան։ Ուստի անհասկանալի է, թե ինչո՞ւ քաղաքականություն որոշողը համարժեք քայլեր չի անում։ Օրինակ՝ ՀՀ-ում ռուսական լրտես ձերբակալվե՞լ է։ Ո՛չ։ Որևէ պաշտոնյայի մեղադրանք ներկայացվե՞լ է ռուսական շահեր սպասարկելու մեջ։ ԱԺ որևէ պատգամավոր լյուստրացիայի մասին օրինագիծ ներկայացրե՞լ է ԱԺ։ Դարձյա՛լ ոչ։ Կասկածից վեր է, որ հիբրիդային պատերազմում ուժային ճնշման գործիք է ծառայելու ՀՀ-ում ռուսական ռազմակայանը։ Այն դուրս հրավիրելու հարցն օրակարգ բերվե՞լ է։ Կրկի՛ն ոչ։

Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունների անվրդովությունը, անգործությունը, ԱԺ նախագահի խոսքի հանդեպ անտարբերությունը հիմք են տալիս ենթադրելու, որ ՀՀ իշխանությունները մտադիր չեն պաշտպանվել, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ մտադիր է պարտվել նաև այս պատերազմում, հանձնվել, ստորագրել ամոթալի կապիտուլյացիա, և դառնալ ամենաֆորպոստի վարչապետ, ինչպես 2020-ի նոյեմբերին։

Ավելին՝ ենթադրելի է, որ Ալեն Սիմոնյանը գիտի, որ Փաշինյանն ուզում է պարտվել հիբրիդային պատերազմում ու նորից ֆորպոստի վարչապետ դառնալ։ Եվ ԱԺ նախագահի միակ հույսը, հավանաբար, մնացել է ժողովուրդը, որը լավ իմանալով պատերազմի գինը, ժողովրդավարական գործիքներով կկանխի հիբրիդային պատերազմի աղետը։ Թերևս՝ սրանով է բացատրվում այն, որ ԱԺ նախագահը օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն՝ հրապարակային գրառում է անում սոցցանցերում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին