copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:58 21-06-2025

Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 20-ին տեղի ունեցած այցը Թուրքիա և նախագահ Էրդողանի հետ հանդիպումը, ըստ ադրբեջանական և թուրքական մամուլի՝ հեռու է միայն արարողակարգային լինելուց։ Ադրբեջանական Musavat.com-ը շեշտում է, որ քննարկվել են ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունները, այլև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։

Իսկ թուրքական Fikirturu.com-ն այցը դիտարկում է որպես Թուրքիայի դերի վերականգնում և ամրապնդում Հարավային Կովկասում՝ ի հաշիվ ՌԴ-ի և Իրանի թուլացող ազդեցության։

Թուրքական աղբյուրները բացահայտորեն նշում են, որ Փաշինյանի քաղաքականության արդյունքում քննարկման օրակարգում չկա 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը։ Շեշտելով նրա վաղեմի հայտարարություններն այն մասին, թե Ցեղասպանության միջազգային ճանաչումը այլևս ՀՀ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ, թուրքական մամուլը ներկայացնում է սա որպես կայուն մոտեցում։

Թուրքական աղբյուրներում նշվում է նաև, որ Թուրքիան ձգտում է ոչ միայն կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, այլև ստանձնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության միջնորդի դեր, իհարկե՝ հենց հայկական կողմի, այս դեպքում՝ Փաշինյանի ցանկությամբ։ Սա Թուրքիայի համար ռազմավարական շահ է, հատկապես՝ այս փուլում, երբ Ռուսաստանը թուլացած է Ուկրաինայի պատերազմի պատճառով, իսկ Իրանի նկատմամբ ճնշումները մեծանում են։ Թուրքիան, փորձում է լրացնել վակուումը տարածաշրջանում։

Հայաստանի վարչապետի այցն այս համատեքստում դիտարկվում է որպես Անկարայի նախաձեռնությամբ ձևավորված խաղաղության գործընթացի նոր փուլ։ Այսինքն՝ գործընթաց, որտեղ ոչ թե Հայաստանն է ներկայացնում սեփական օրակարգը, այլ ձուլվում է թուրք-ադրբեջանական օրակարգի տրամաբանությանը։

Թուրքական մամուլը Փաշինյանի քաղաքական գիծը բնութագրում է որպես փոխզիջման պատրաստ ձև։ Որպես օրինակ բերվում է նրա հայտարարությունները թե՛ 1915 թվականի իրադարձությունների, թե՛ Արարատ լեռան վերաբերյալ։ Այսինքն՝ Փաշինյանն իր խոսքում հրաժարվում է պատմական արդարության և ազգային պահանջատիրության հռետորաբանությունից՝ այն փոխարինելով «խաղաղության խաչմերուկի» գաղափարով։

Թուրքական աղբյուրներում ակնարկվում է նաև, որ «Զանգեզուրի միջանցքի» հարցը քննարկվել է, և չնայած պաշտոնական հայտարարություններ չկան, թուրքական կողմը վստահ է՝ գործընթացը ընթանում է իրենց շահերին համահունչ։ Ըստ Fikirturu.com-ի՝ այցի օրակարգի փակ լինելը և միջազգային մամուլի զսպվածությունը վկայում են՝ կողմերը պայմանավորվածությունների են հասել առանց հանրային ճնշումների կամ վերահսկողության։

Փաշինյանը, ըստ թուրքական և ադրբեջանական աղբյուրների, հանդես է գալիս որպես առաջնորդ, ով պատրաստ է փոխզիջումների հանուն խաղաղության, սակայն այդ խաղաղությունը փաստացի կառուցվում է Հայաստանի պատմական իրավունքների, միջազգային օրակարգից ցեղասպանության հարցը հանելու և այլ զիջումների հաշվին։ Եթե Թուրքիան դառնում է միջնորդ, և Զանգեզուրի հարցը դրվում է սեղանին՝ առանց հանրային բաց քննարկման, ապա դա ոչ թե խաղաղության, այլ վերահսկողության վերաձևում է լինելու։

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի