Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 00:01 24-05-2025

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը քաղաքական դրդապատճառներ ունի և ստեղծում է վտանգավոր նախադեպ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ․

23 մայիսի, 2025թ.: Որպես իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ) դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննության սկզբունքները։

Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.
Առաջին, հակառակ հիմնարար իրավական սկզբունքների՝ մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը:

Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:

Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։

Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:

Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելի բնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:

Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:

Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։

Սա առանձին դեպք չէ։ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել