copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:31 09-05-2025

Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով.

«Սիրելի ՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության և Արևմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը։ Այդ պատերազմը բռնկվեց Գերմանիայում և նրա դաշնակից մի քանի այլ երկրներում հաստատված նացիստական (ֆաշիստական) գաղափարախոսության պատճառով, որի առանցքային բովանդակությունն այն էր, որ մի ազգը կամ ազգերի մի խումբը գերակա է մյուսի, կամ մյուսների նկատմամբ։ Եվ աշխարհի բազմաթիվ ազգեր, պետություններ համախմբվեցին հակառակն ապացուցելու համար և հաղթեցին։

Այդ հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում: Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության և երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է։

Հայաստանի Հանրապետությունը գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով։ Սա ամենևին էլ հեշտ ճանապարհ չէ, բայց ճանապարհ է, որն արժե անցնել ու այդ ճանապարհը լիարժեք անցնելու և անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն և հետևողականություն։ Այդ ճանապարհն անցնելու համար անհրաժեշտ է համարձակ, անկեղծ և ամբողջական ինքնահայեցում, սեփական պատմությունը կարդալու, սերտելու և մեր պատմությունից մեզ ուղղվող ուղերձներն ընթերցելու և ընկալելու կարողություն։

Վերջին տարիների իմ գործունեության մի զգալի մասը նվիրում եմ Իրական Հայաստանի գաղափարախոսության մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ քննարկումներին։ Սա չափազանց կարևոր գործընթաց է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հենց մեր պատմությունն ընթերցելու և վերընթերցելու արդյունք է, Իրական Հայաստանի գաղափարախոսությունը Պատմական Հայաստանի՝ մեզ ուղղված ուղերձների ընթերցման արդյունք է, որը մեզ ասում է․ մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։ Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը և պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։

Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը և այդպես էլ պետք է լինի։

Ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի ՛ լինելու, լինելո՛ւ է խաղաղություն։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը