Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:00 26-03-2025

Խաղաղության դեմ ի՞նչ կատաղի պայքարի մասին է խոսում ՔՊ-ն

Քաղաքական մեծմասնության և ընդդիմության փոխադարձ հանդիմանանքներն ու քննադատություններն օրինաչափ են, բնորոշ ժողովրդավարությանը։ Տարաձանություններն արտահայտվում են հատկապես կարևոր հարցերում։ Չնայած՝ և՛ քաղաքական մեծամասնությունը, և՛ խորհրդարանական ընդդիմությունը բազմիցս են հայտարարել, որ խաղաղության ջատագով են, սակայն նրանք տարբեր պատկերացումներ ունեն բանակցությունների, միջնորդների, առաջնահերթությունների վերաբերյալ։ Հետևաբար՝ օրինաչափ է, որ նրանք պետք է քննադատեին և՛ բանակցային ընթացքը, և՛ համաձայնեցված համաձայնագիրը, դիտողություններ անել, որակումներ տալ միմյանց և այլն։

«Հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայենցված տեքստը, համաձայնագիրը, և այդ պահից սկսած՝ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը կատաղի պայքար է սկսել խաղաղության օրակարգի և խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման դեմ»: Այս մասին մարտի 25-ին ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Կողմնակալ դիտորդը կարող է ասել, որ այս բնորոշումը չափազանցված է, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը մի քանի ելույթներ է ունեցել ու մի քանի հարցադրումներ արել, մի քանի հայտարարություն արել, մասնակցել մի քանի հրապարակային բանավեճերի ու վերջ։ Հետևաբար՝ ինչու՞ է ՔՊ խմբակցության ղեկավարը այս բնական դիմադրությունը կատաղի պայքար որակում։

Նախ աննորմալ կլիներ, եթե խորհրդարանական ընդդիմությունը կողմ լիներ զիջումներով տեքստին։ Նրանք, որպես ընդդիմություն, չէին կարող առիթը բաց թողնել ու չքննադատել, հանրությանը ուշադրությունը չսևեռել զիջումների վրա, որոնք տեսանելի են ոչ միայն ընդդիմադիրների աչքով, այլև նկատվում են միջազգային գործընկերների կողմից։ Օրինակ՝ Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը, ողջունելով բանակցությունների տեքստի վերջնական համաձայնեցումը, ընդգծել է Հայաստանի համարձակ զիջումները։

Կարճ ասած՝ կատաղի պայքարի տեսարան չկա։ Եվ երբ ՔՊ խմբակցության քարտուղարը ընդդիմադիրների քննադատություները կատաղի պայքար է որակում, ապա հիմք է տալիս ենթադրելու, որ ՔՊ-ական մեծամասնությունը ընդդիմությունից կատաղի պայքար է ակնկալում։ Սա շատ մտահոգիչ է։ Եթե այդպես է, նշանակում է՝ ՀՀ իշխանությունը երկակի խաղ է խաղում։ Մի ձեռքով պատրաստակամություն է հայտնում ստորագրել բանակցված փաստաթուղթը, մյուս ձեռքով՝ դրդում է ընդդիմությանը կատաղի պայքարել խաղաղության համաձայնագրի դեմ։ Այսինքն՝ տպավորություն է, թե ՔՊ-ն խնդրում է ընդդիմությանը, որ վերջինս կատաղի պայքարի խաղաղության համաձայնագրի դեմ։

Այս բնորոշումը նաև արտաքին հասցեատեր ունի։ ՔՊ-ն կարծես՝ ուղերձ է հղում բանակցային գործընթացի ավարտը ողջունող արտաքին գործընկերներին, որ Հայաստանում քաղաքական ուժերից միայն ՔՊ-ն է խաղաղության ջատագով։ Մյուսները կատաղի պայքար են մղում խաղաղության դեմ։ Այս ուղերձի ենթադրյալ նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններում արտաքին գործընկերները աջակցեն ՔՊ-ի վերարտադրմանը, նույնիսկ եթե դիտորդները խախտումներ արձանագրեն։ Իսկ եթե ռուս-ադրբեջանական ճնշումների ներքո ՔՊ-ական իշխանությունը որոշի նահանջել նաև ստորագրելու հարցում, ապա արդարացումն արդեն պատրաստ է։ Նրանք կարող են ամբողջ մեղքը բարդել խորհրդարանական ընդդիմության վրա, որ հանրությանը տրամադրել են խաղաղության համաձայնագրի ստորագրման դեմ։

Հանրային այս կասկածները ցրելու համար ՔՊ-ն կարող է խաղաղության ջատագովներին համախմբելու քայլեր անել, ցույց տալով, որ խաղաղության կողմնակիցները հասարակության մեջ ավելի շատ են, քան խորհրդարանական ընդդիմության հետևորդները։ Այս պարագայում նույնիսկ «կատաղի պայքարը» գուցե նշանակություն չունենա և չշահարկվի խաղաղության հակառակորդների՝ Մոսկվայի և Բաքվի կողմից։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել