copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 14:08 11-03-2025

Ուկրաինան ցանկացած դեպքում պետք է տարածքներ զիջի․ Մարկո Ռուբիո

Արտգործնախարար Մարկո Ռուբիոն երկուշաբթի հայտարարել է, որ Ուկրաինան ստիպված կլինի զիջել այն տարածքները, որոնք Ռուսաստանին են պատկանում ՝ 2014 թվականից ի վեր, անկախ նրանից թե ինչ համաձայնագիր կկնքվի։

Ռուբիոն այս հայտարարությունն արել է, երբ մեկնում էր Ջիդդա, Սաուդյան Արաբիա, որտեղ նախատեսվում էին բանակցություններ ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նրա այդ տեսակ մեկնաբանությունները հնչեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջև լարված հանդիպումից տասն օր անց։ Այդ հանդիպումից հետո Թրամփի վարչակազմը դադարեցրեց Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելը, քանի որ Թրամփը հրաժարվեց անվտանգության երաշխիքներ ներառել առաջարկվող համաձայնագրում, որը վերաբերում էր Ուկրաինայի բնական ռեսուրսներին։

«Ամենակարևոր բանն այն է, որ Ուկրաինան պատրաստ լինի դժվարին որոշումներ կայացնել, այնպես, ինչպես Ռուսաստանը ստիպված կլինի գնալ դժվար զիջումների՝ այս պատերազմը ավարտելու կամ գոնե ժամանակավոր դադարեցնելու համար», – ասել է Ռուբիոն լրագրողներին։

Ռուբիոն հրաժարվել է ներկայացնել հնարավոր խաղաղության պայմանագրի մանրամասները, սակայն ընդգծել է, որ երկու կողմերի զիջումները կարևոր նշանակություն ունեն դիվանագիտական գործընթացում։

«Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ այս հակամարտությունն ուժով չի կարող լուծվել», – նշել է Ռուբիոն։ «Ռուսները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և ակնհայտ է, որ Ուկրաինայի համար նույնպես շատ դժվար կլինի կարճ ժամանակում վերադարձնել բոլոր այն տարածքները, որոնք կորցրել է 2014-ից ի վեր»։

Նա հավելել է, որ ապագա բանակցություններում կարևոր է հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Ռուսաստանը։

«Մենք դեռևս չգիտենք, թե իրականում որքան տարբեր են երկու կողմերի դիրքորոշումները միմյանցից», – նշել է նա։

Չնայած ԱՄՆ-ն դադարեցրել է որոշ հետախուզական տվյալների, այդ թվում՝ արբանյակային պատկերների փոխանակումը Ուկրաինայի հետ, Ռուբիոն նշել է, որ Վաշինգտոնը դեռևս տրամադրում է Կիևին անհրաժեշտ տեղեկատվություն՝ Ռուսաստանի հարձակումներից պաշտպանվելու համար։ Նա նաև հաստատել է, որ երբեք չի եղել Ուկրաինային Starlink արբանյակից զրկելու սպառնալիք, որը պատկանում է Իլոն Մասկի SpaceX ընկերությանը։

Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ-ը փորձում է ցույց տալ, որ դեռևս ունի մեխանիզմներ Ռուսաստանի վրա ազդելու և նրան Ուկրաինայի հետ բանակցությունների նստեցնելու համար։
Ռուբիոն հավելել է, որ երեքշաբթի օրը նախատեսվող հանդիպումների ընթացքում ուկրաինացիպաշտոնյաների հետ կքննարկվի ռազմական օգնության վերականգնման հարցը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ դիրքորոշումը կարող է փոխվել, եթե նա համոզվի, որ Ուկրաինան լուրջ է տրամադրված խաղաղության գործընթացի նկատմամբ։

«Կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք երբեք ռազմական օգնություն չենք տրամադրի ռուսներին», – եզրափակել է Ռուբիոն։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ