copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:35 19-02-2025

Գյումրիի նախկին քաղաքապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Գյումրի համայնքի նախկին ղեկավարը «Սև Բերդ» ամրոցի շենքը և 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների և տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 և 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեներ, որոնց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրվել իրավունքի վկայականներ, որոնցում այդ հողերի նպատակային նշանակությունը նշվել է բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ այն դեպքում, երբ Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը հանդիսացել է հատուկ պահպանվող տարածքների հող:

2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության և մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից և մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ: Ավելին, ապօրինի կերպով տարանջատված և օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետևանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:

Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, ինչպես նաև հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4 մլն 900 հզր ՀՀ դրամ:

Հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը Ս.Ջ.-ի կողմից փոխանցվել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը և տրվել իրավունքի պետական գրանցման վկայական:

Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը նպատակադրվել է Սև Բերդ ամրոցի հարակից հողատարածքի մի հատվածը ևս դարձնել իր ընտանիքի սեփականությունը:

Արդյունքում, Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ դադարեցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, այն հետ է վերցվել նախարարությունից և նշված հասցեում գտնվող 19,28 հա հողի նկատմամբ գրանցվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարը նշված տարածքը բաժանել է 4 առանձին միավորների և Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների 1,17236 հա մակերեսով հողը ձևական աճուրդի միջոցով՝ 15 մլն 387 հզր 750 հզր ՀՀ դրամով օտարել է Ս.Մ.-ին, որից հետո համայնքի նախկին ղեկավարի որդին՝ հոր և Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, հիշյալ հողի իրական բնույթը թաքցնելու նպատակով Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 16 մլն ՀՀ դրամ:

Համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի և Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) և 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը):

Համայնքի նախկին ղեկավարի որդու և Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ):

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը և հայտարարվել է հետախուզում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին