copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 11:06 14-02-2025

Նիկոլ Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև ապագան․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաշինյանը դավաճանում է Հայաստանի ոչ միայն անցյալը, այլև ապագան։

Յուրաքանչյուր ազգ կրում է իր պատմության բեռը: Այն ձևավորում է ինքնությունը, ուղղորդում է դիվանագիտությունը և հիմք է ստեղծում ապագա սերունդների համար: Երբ առաջնորդը դիտավորյալ ջնջում է այդ պատմության մասերը՝ արդարացնելու իր սեփական ձախողումները, նա դավաճանում է ոչ միայն իր երկրի անցյալը, այլև ապագան: Հենց սա է անում Նիկոլ Փաշինյանը։ Վերաշարադրելով հայոց պատմությունը՝ նա արդարացնում է իր քաղաքական ձախողումները և ազգին առաջարկում է միայն հանձնվողականություն և պարտվողականություն:

Փաշինյանը հայտարարել է, որ Իրական Հայաստանը կլինի 2026-ի ընտրությունների իր քարոզարշավի կենտրոնական գաղափարը: Նա ակնկալում է, որ հայ ժողովուրդը կհամախմբվի մի տեսլականի շուրջ, որը պահանջում է մոռանալ սեփական անցյալը, լքել իրենց տեղահանված հայրենակիցներին և ընդունել Հայաստանը որպես նվաստացած ու բարոյալքված պետություն: Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս սահմանները՝ հավանաբար հետագա կորուստներով, և մոռանա մնացած ամեն ինչ: Հենց սա նա ներկայացնում է որպես պրագմատիզմ, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան փախուստ դիվանագիտության և կառավարման իր ձախողումներից: Նրա Իրական Հայաստան դոկտրինը վերաբերում է հանձնվելուն: Արցախը ազգային գիտակցությունից ջնջելով՝ Փաշինյանը փորձում է օրինականացնել նրա ժողովրդին և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իր անկարողությունը:

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ինքնապարտադրված նման ամնեզիան խաղաղություն չի բերում, այլ միայն՝ ավելի շատ զիջումներ: Առաջնորդը, որը պարբերաբար լքում է իր իսկ ժողովրդի հիմնարար իրավունքները, անվտանգություն չի կառուցում. նա հետագա պահանջների առիթ է տալիս: Ադրբեջանական վարչակարգը չի բավարարվի Արցախով: Փաշինյանի շարունակական նահանջը առիթավորում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի թուլացնել Հայաստանը: Որքան շատ է նա ջնջում պատմությունը, այնքան Հայաստանի հակառակորդներին ավելին պահանջելու հիմք է տալիս:

Ամբողջ ազգը՝ հատկապես ընդդիմությունը, պետք է գիտակցի, որ սա Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է: Նրա տեսլականը ազգային վերածննդի կամ պրագմատիկ պետականության տեսլական չէ. այն անկարողության, ձախողման և Հայաստանի անկման «օրինականացման» տեսլական է: Այն գաղափարը, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս վիճակը որպես իր միակ հնարավոր ապագա, ոչ միայն ոգեշնչող չէ, այլև պարզապես վտանգավոր է: Այն ազդանշան է աշխարհին, որ Հայաստանն այլևս չի պայքարի իր շահերի համար, չի պաշտպանի իր պատմական իրավունքները և անգամ չի հարգի սեփական ժողովրդի տառապանքը:
Որևէ լուրջ ազգ պարզապես չի մոռանում իր կորցրած տարածքները: Հունաստանը երբեք չի ջնջել Կոստանդնուպոլսի հիշողությունը: Լեհաստանը շարունակում է հիշատակել Լվովը: Սերբիան, չնայած Կոսովոյի կորստին, այն դեռ համարում է իր պատմական նարատիվի մասը: Ռուս-ուկրաինական պատերազմը հավանաբար կհանգուցալուծվի տարածքային դաժան փոխզիջումների միջոցով, բայց նույնիսկ նման սցենարում Ուկրաինան իր պատմական գիտակցությունից երբեք չի ջնջի կորցրած տարածքները: Ինչո՞ւ պետք է Հայաստանը տարբեր լինի:

Մենք պետք է հստակ լինենք՝ կա տարբերություն տարածքային ակտիվ հավակնությունների և պատմական ճշմարտության միջև, խաղաղ բանակցությունների և ինքնության ջնջման միջև: Սակայն Փաշինյանի պարտվողական հռետորաբանությունը ծառայում է միայն նրա սեփական քաղաքական գոյատևմանը: Նա պատմությունը վերասահմանում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ հարմարավետությունից, որովհետև ճշմարտությունն ընդունելը կնշանակի ընդունել սեփական պատասխանատվությունը իր կառավարման ներքո պատահած աղետների համար:

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում: Այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ՝ բացահայտվելով այն, ինչ իրականում կա՝ անկարողության, պարտվողականության և Հայաստանի արժանապատվության դավաճանության դատարկ արդարացում»:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը