copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:27 05-02-2025

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպանին և շնորհավորել Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ: Ընդգծելով համատեղ իրականացվող ծրագրերի ու արդեն իսկ առկա համագործակցության կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ դեսպանի պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Իտալիայի միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ուղղությամբ փոխգործակցությունն առավել կխորանա:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարարը կարևորել է իտալերենի զարգացմանն ուղղված ծրագրերն ինչպես բուհական, այնպես էլ հանրակրթական համակարգում: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Երևանի 3 դպրոցում իրականացվում է իտալերենի ուսուցման փորձնական ծրագիր՝ Իտալիայից ժամանած մասնագետների ներգրավմամբ: Անդրադարձ է կատարվել նաև Իտալիայում գործող հայագիտական կենտրոնների գործունեությանը: Ժաննա Անդրեասյանը կարևորել է Վենետիկի Կա՛Ֆոսկարի և Հռոմի Լա՛Սապիենցա համալսարաններում հայագիտական ամբիոնների գործունությունը, ինչպես նաև առաջարկել է զարգացնել երկխոսությունն ու փոխհամագործակցությունը ՀՀ պետական բուհերի հետ՝ իրականացնելով համատեղ կրթագիտական ծրագրեր, ինչպես նաև ուսանողների և երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրեր: Անդրադառնալով բարձրագույն կրթության և գիտության ոլորտում համագործակցությանը՝ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է դիտարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման, ԵՄ ընձեռած հնարավորությունների, մասնավորապես՝ «Հորիզոն Եվրոպա» և «Էրազմուս+» ծրագրերի շրջանակում համագործակցության խթանման և բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտներում միջբուհական կապերի ընդլայնման հնարավորությունները։

Նախարարը կարևորել է նաև համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում՝ վստահություն հայտնելով, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ: Քննարկվել է նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման բնագավառում իտալական կողմի աջակցությամբ նախատեսվող ծրագրերի իրականացման հնարավորությունը։

ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ մեծ ոգևորությամբ և պատասխանատվությամբ է ստանձնում իր առաքելությունը Հայաստանում: Ընդգծելով պատմական սերտ առնչությունները, դարավոր կապերն ու ընդհանուր արժեհամակարգերը՝ դեսպանը վստահություն է հայտնել՝ Հայաստանի և Իտալիայի միջև հատկապես մշակույթի ոլորտում առկա է համագործակցության լայն ներուժ: Կարևորելով համակողմանի համագործակցության շարունակական զարգացումը՝ ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանը պատրաստակամություն են հայտնել գործադրելու բոլոր ջանքերը՝ երկկողմ կապերն ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը