copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:30 28-01-2025

Բանակը կարո՞ղ է ազատագրել զավթված, ապօրինի օտարված հողերը

Բանակի օրը հարմար առիթ է քննելու, թե արդյոք լիարժեք է օգտագործվո՞ւմ ՀՀ բանակի ներուժն, ինչե՞ր կարելի անել բանակով, ի՞նչ պոտենցիալ կա, որն աչքաթող է արված։

Հայտնի է, որ բանակը պետության կարևորագույն կազմակերպությունն է, որը նախատեսված է երկրի անկախությունը պաշտպանելու համար։ Զինված ուժերը օգտագործվում են որպես արտաքին թշնամիներից պաշտպանվելու, այլ պետություններ զավթելու, գաղութացնելու, հարստահարելու միջոց, արտաքին քաղաքականություն վարելու գլխավոր հենարան և այլն։

Բանակը ներգրավվում է նաև արտակագ իրավիճակներում, ներքին կարգուկանոնը պահպանելիս, օգնության հասնելով ուժային այլ կառույցներին։ Որոշ երկրներում բանակը նաև սահմանադրական կարգի պահապան է։ Իսկ որոշ երկրներում էլ բանակը ծառայում է որպես հեղաշրջում իրականացնելու գործիք։ Թվարկված խնդիրներից զատ, բանակն ունի նաև սոցիալ հոգեբանական նշանակություն։ Զինվորականներն իրենց վարքով, ազնվությամբ, արդարամտությամբ, առաքինի վարքով օրինակ են ծառայում հասարակության մյուս անդամների համար։

Բազմաթիվ պետություններ բանակ չունեն։ Որոշ երկրներ սահմանափակ մեծությամբ ու սպառազինությամբ բանակ ունեն, բայց պաշտպանության լուրջ խնդիրներ չունեն։ Ի տարբերություն սրանց, ՀՀ-ն ունի կայացած բանակ։ Վերջին շրջանում ընդլայնվել է սպառազինություն մատակարարող երկրների շրջանակը։ ՀՀ բանակը թրծվել է պատերազմներում։ Զինապարտությունը պարտադիր է։ Քաղաքացիների մեծ մասը զինվորական փորձառություն ունի։ ՀՀ-ում կան նաև ռազմական կրթօջախներ, որտեղ պատրաստվում են սպաներ, զինվորական գործի մասնագետներ։ ՀՀ-ն ներգրավված է միջազգային խաղաղարար առաքելություններում, պաշտպանության ոլորտում գործակցության միջպետական պայմանագրեր ունի և այլն։

Բանակի խնդիրները, անելիքներն ու առաքելությունը, սակայն, պայմանավորված են պետության քաղաքականությամբ։ Այսինքն՝ եթե կայացած բանակով հանդերձ, ՀՀ-ն լրջագույն խնդիրներ ունի պաշտպանության հարցում, նշանակում է՝ ՔՊ-ն ոչ արդյունավետ քաղաքականություն է վարում։

Տարածված կարծիք կա, թե բանակը ապահովության, պաշտպանվածության զգացում է ներշնչում քաղաքացիներին, երբ երկիրը շրջապատված է չբարեկամներով։ Սա ապաքաղաքական պատկերացում է, քանի որ ապաշնորհ, անկիրթ, փոքրոգի ղեկավարների պարագայում բանակը չի կարող պաշտպանել երկրի անկախությունը։

Կարճ ասած՝ արդյունավետ, ողջամիտ, ազգանվեր, աշխարհի համար հասկանալի քաղաքականության վարման պարագայում բանակը կարող է լիարժեք իրականացնել իր առաքելությունը, մի բան էլ ավելին, օրինակ՝ ազատագրել զավթված, ապօրինի պայմանագրերով օտարված տարածքները։ Իսկ եթե իշխանությունը վարում է ապաքաղաքակրթական, ապապետական, հակաժողովրդական քաղաքականություն, ապա նույնիսկ հանճարեղ զինվորականներով համալրված բանակը կձախողվի պարզ իրավիճակներում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը