Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:55 03-10-2024

Կարող ա անընդհատ դատավորների թիվը ուզեք ավելացնենք, աշխատանքն է պետք արդյունավետ դարձնել. փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը կավելանա, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հոկտեմբերի 3-ի նիստում։

Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանի խոսքով՝ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։

«Նշածս հոդվածի 1-ին մասով նախատեսված են այն հանցանքները, որոնք ենթակա են քննության մասնավոր մեղադրանքի վարույթով, դրանք 25-ն են, որոնցից յուրաքանչյուրի 1-ին մասով որակավորման դեպքում գույքային վնասի չափով պայմանավորված կամ արարքի ծանրացնող հանգամանքների բացակայությամբ պայմանավորված՝ վարույթը ենթակա է իրականացման ոչ թե հանրային մեղադրանքի կարգով, այլ՝ առանց միջդատական վարույթի անմիջականորեն դատարանի կողմից մասնավոր մեղադրանքի վարույթով»,- ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս այդ հանցանքների վերաբերյալ վարույթները չեն իրականացվում մասնավոր մեղադրանքի կարգով, քանի որ քրեական դատավարության օրնսգրքում առկա են անցումային դրույթներ, որոնց համաձայն՝ մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվելու է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո։

Մասնավոր մեղադրանքով վարույթը բաղկացած է լինելու միայն դատական փուլերից, հետևաբար, մասնավոր կարգով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվում է ու քրեական վարույթը կարճվում է միայն դատարանում՝ սահմանափակ նախատեսված հիմքերի առկայության դեպքում։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, թե շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է լիարժեք կյանքի կոչել, բայց և ընդգծեց, որ դատավորների թիվն ավելացնելուն զուգահեռ պետք է նաև աշխատանքը արդյունավետ դարձնել ու լավարկել։